Այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 15.15-ին Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Թումանյանի բաժին, որ շտապ բուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց, որտեղ երկաթգծի վրա հայտնաբերել են մահացած կնոջ մարմին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ՝ Թումանյանի ոստիկանության պետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրամովան էր, ով անցնելիս է եղել Թումանյան փողոցի վրա գտնվող «Լաչինի միջանցք» կոչվող տարածքին հարակից երկաթգծի վրայով՝ հետիոտների համար չնախատեսված հատվածով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ նրա հետ է եղել իր տղան՝ 26-ամյա Արսենը: Այն ժամանակ, երբ մայրը անցնելիս է եղել երկաթգծի վրայով, տղան նկատել է, որ մոտենում է շոգեքարշը և բղավել է, որ կանգնի կամ շտապ անցնի այն, սակայն շոգեքարշը հարվածել է մորը և անցել վրայով՝ մարմինը բաժանելով երկու մասի:
Շոգեքարշը վարել է Սանահին կայարանի մեքենավար 52-ամյա Սամվել Լալայանը, իսկ նրա հետ է եղել նրա օգնականը՝ Կարեն Թամազյանը: Շոգեքարշը Այրում կայարանից դեպի Սանահին կայարան էր մեկնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ն. Աբրամովայի ընտանիքը Բաքվից եկած փախստականների ընտանիք էր, և նրանք բնակվում էին Մեծ Այրումում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 241 հոդվածի 2-րդ մասի (երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: