ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այսօր ասել է, որ Քրեական օրենսգրքում եղել են խստացումներ առանձնապես ծանր հանցագործությունների մասով եւ մեղմացումներ` կրկնահանցագործությունների համար:
“Մարդասպանության դեպքում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով սանկցիան սահմանվել է 20 տարի` նախկին 15-ի փոխարեն, քանի որ դա համապատասխանում է եվրոպական դատարանների չափանիշներին: Բացի այդ` նախկինում ավելի խիստ պատիժներ էին նախատեսված անձի առեւանգման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, “փողերի լվացման” հանցագործությունների դեպքում, քան մարդասպանության”,-ասել է Մնացական Սարգսյանը:
Նրա խոսքերով, կրկնահանցագործությունների դեպքում մեղմացումը լրացնում է նախկին օրենսդրական բացերը, եւ յուրաքանչյուր հանցագործի նկատմամբ անհատական պատիժ կիրառելու հնարավորություն է տալիս:
“Նախկինում անձը խարդախություն, գողություն անելու դեպքում 177, 178 հոդվածների առաջին մասով դատապարտվում էր մինչեւ 2 տարի ազատազրկման, իսկ կրկնահանցագործության դեպքում` 2-6 տարի ազատազրկման, նույնիսկ եթե չնչին գումարի հափշտակում էր կատարել, որի դեպքում կարելի էր հատուցում կիրառել”,-ասել է գլխավոր դատախազի տեղակալը` հավելելով, որ այժմ կիրառվելու է նաեւ այլընտրանքային պատիժ` տուգանքների վճարում: