Այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում «Ֆոլցվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով մի հոգի մահացել է, ևս 3-ը քիչ առաջ տեղափոխվեցին Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ով երիտասարդ աղջիկ է: Ավտոմեքենայում եղել է 3 ուղևոր, ովքեր ևս երիտասարդ աղջիկներ են եղել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը ` քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը:
Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել մահացած և վիրավոր անձանց ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտովթարից հետո վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել այդտեղով անցնող պատահական մարդիկ: