Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «մենք պետք է օգտագործենք վերջին հնարավորությունը:
Իլհամ Ալիեւը ասել է այս մասին Լլուբլյանայում` Սլովենիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Բանակցությունները ընթանում են, եւ ես հույս ունեմ, որ դրանք լավ արդյունքներ կտան: Եթե այսօր քննարկվող հիմնարար սկզբունքները ընդունվեն, ապա խնդրի արդար լուծումը հնարավոր կդառնա, կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգության խնդիրները լուծում կստանան, օկուպացիոն ուժերը դուրս կբերվեն», – ասել է Իլհամ Ալիեւը:
Նրա խոսքերով, լավ պայմաններ են ձեւավորվել խնդրի արդար լուծման համար:
“Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարների կողմից արված համատեղ հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է: Այնտեղ նշվում է, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է: Մենք այս մասին խոսում ենք երկար տարիներ`ստատուս-քվոն պետք է փոփոխվի, օկուպացիոն ուժերը պետք է լքեն զավթված հողերը: Նման հստակ հայտարարությունը, անշուշտ, ոգեշնչող է եւ մեծացնում է մեր հույսերը: Հայտարարության մեկ այլ կարեւոր պահն այն է, որ այնտեղ հղում է արվում Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հելսինկյան եզրափակիչ ակտում չկա ոչ մի հակասություն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների միջեւ: Այսինքն` այս երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրի մեջ, եւ ես կարծում եմ, որ դա նույնպես շատ դրական երեւույթ է”, – ասել է Ադրբեջանի նախագահը:
“Նախկինում, երբ որոշակի փուլում կողմերի դիրքորոշումներում մերձեցում էր նկատվում, հայկական կողմը նահանջում էր: Կարծում եմ, որ այսօր քննարկվող տարբերակը` դա վերջին հնարավորությունն է: 19 տարիների ընթացքում քննարկվել եւ փորձարկվել են տարբեր տարբերակներ: Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքում մեզ այդպես էլ չհաջողվեց հասնել խաղաղ որոշման: Հիմա մենք պետք է օգտագործենք վերջին շանսը”, – հայտարարել է Իլհամ Ալիեւը: