Բաքուն պատրաստվում է պատերազմը ողջ ծավալով վերսկսելուն. Հայազն

Հայազն միությունը հայտարարում է, որ

Հայ ազգի համար Արցախի հարցը չի կարող ունենալ միջազգային լուծում: Առավել ևս չի կարող ունենալ մի լուծում, որը հիմնված կլինի հայատյաց Բաքվի հետ ձեռքբերվելիք ինչ-որ անհասկանալի փոխզիջման վրա: Արցախի հարցը փաստացի և վաղուց լուծված է հետևյալ իրադարձությունների արդյունքում.
– Արցախի ժողովուրդը, դեռ խորհրդային տարիներին, բազմիցս արտահայտել է իր վճռական կամքը Ադրբեջանական անօրինական տիրապետությունից ազատվելու և հայրենի պետության կազմ վերադառնալու մասին: Արցախահայության ինքորոշման իրավունքը, ի վերջո, ամրագրվել է Հայկական ԽՍՀ ԳԽ-ի և Արցախի ազգային խորհրդի 1989թ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ, որը ցայսօր Արցախի կարգավիճակին վերաբերող միակ օրինական և գործող իրավական ակտն է:
– Ադրբեջանը, Արցախը նորից նվաճելու և հայ բնակչությունից ազատվելու նպատակով, պատերազմ սանձազերծեց խաղաղ հայ բնակչության դեմ, ինչպես Արցախում, այնպես էլ իր տարածքում, սակայն Արցախում հանդիպեց հերոսական դիմադրության և պարտվեց: Փոխարենը, 1991-94թթ մարտական գործողությունների արդյունքում, Բաքուն կորցրեց վերահսկողությունը նախկինում հայաթափված, սակայն պատմականորեն և աշխարահագրորեն Հայաստանին և Արցախ աշխարհին պատկանող տարածքների մի մասի նկատմամբ նույնպես:
– Ադրբեջանական բնակչությունը, որն ակտիվորեն ներգրավված էր հայերի դեմ թշնամական գործողություններում և քաջ գիտեր այդ շրջանների հայապատկանության մասին, անմիջապես լքեց դրանք: Ազատագրված շրջանները արդեն շատ վաղուց բնակեցված են Հայաստանի քաղաքացի հանդիսացող բնակչությամբ, այդ թվում Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից փախստականներով: Այսօր բոլոր շրջանները արդյունավետորեն ներառված են հայկական պետականության վարչական կառույցում:

Հակառակ Արցախյան հիմնահարցի վաղուց լուծված լինելուն, հակառակ ԵԱՀԿ Մինկսի խմբի կողմից ներկայացված կարգավորման բացարձակ անընդունելի սցենարներին և Բաքվի չհաշտվող կեցվածքին, Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շարունակում են միջազգային լուծում փնտրել:
Դեռ 1991թ., միջազգային լուծմանը ապավինելու պատճառաբանությամբ, Հայաստանում իշխող վերնախավը շտապեց Արցախը Հայաստանից անջատ ներկայացնել` բնականաբար պահպանելով նրա նկատմամբ բացարձակ վերահսկողությունը: Հետագա տարիներին այս վիճակը շարունակվեց որպես մի զիջում հայկական կողմից, որը Արցախի կարգավիճակը քննության ենթակա էր դարձնում բանակցություններում: Միջազգային հանրությունն, իր հերթին, երբեք չէր կարող ճանաչել ինքնուրունության ոչ մի հայտանիշ չունեցող տարածքի անկախությունը, չէր կարող նրան համարել բանակցային կողմ, այլ միայն վիճելի տարածք Երևանի և Բաքվի միջև:
Իբր միջազգային հանրությանը հասցեագրված այս խաղարկությունը տարիների ընթացքում ավելի մեծ չափով քարոզվեց Հայաստանի ներսում ու հատկապես Արցախում: Արդյունքում, Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիները զրկվեցին համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից և գոյացան բազմաթիվ այլ իրավական անհեթեթություններ:
Իրականում, այսպես կոչված ԼՂՀ անկախությունը հակասում է 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշմանը: Այն չէր կարող և չի ճանաչվել Հայաստանի և ոչ մի կառավարության կողմից: Փաստացի Արցախը շարունակում է մնալ Հայաստանի մաս, նրա բնակիչները` Հայաստանի քաղաքացիներ:

Այսօր, տարբեր քաղաքական միավորներ հանդես են գալիս ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկությամբ:
Մենք հայտարարում ենք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է և նրա անկախությունը ճանաչելը նշանակում է ճանաչել նրա անկախությունը Հայաստանից:
Մենք դատապարտում ենք Արցախը Հայաստանից առանձնացնելու ցանկացած փորձ կամ քայլ, քանի որ դրանք տրամագծորեն հակասում են մեր ազատագրական պայքարի ոգուն ու գլխավոր պահանջին:
Փոխարենը պահանջում ենք Հայաստանի իշխող վարչախմբից և ազդեցություն ունեցող բոլոր քաղաքական միավորներից.
– Վերականգնել Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես համապետական ընտրություններին մասնակցելու կարևոր իրավունքը;
– Արցախը բացահայտ ներառել ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ;
– Քննարկել և լուծել Արցախի ներկայիս փաստացի ինքնավար հանրապետության կարգավիճակը ՀՀ սահմանադրությանը, մասնավորապես մարզային բաժանմանը համապատասխանեցնելու հարցը;
– Վերացնել բոլոր իրավական հակասությունները և Արցախը մնացած Հայաստանից առանձնացնող դրույթները,
– Ապահովել տարածքի միասնականությունը քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, տեղեկատվական, հեռահաղորդակցության, բնակչության ներքին շարժի և բոլոր մյուս իմաստներով:

Մենք գիտակցում ենք, որ Բաքուն պատրաստվում է պատերազմը ողջ ծավալով վերսկսելուն և Հայաստանի նկատմամբ, հատկապես Արցախի ուղղությամբ, տարածքային նոր ոտնձգությունն իրականացնելուն: Դա են վկայում Ադրբեջանի արագ աճող ռազմական ծախսերը, հակահայ լայնածավալ քարոզչությունը, ադրբեջանական կողմից շփման գծում իրականացվող ու բազմաթիվ կյանքեր խլող սադրանքների աճող հաճախականությունը, մարդասպանների հերոսացումը:
Սակայն մտավախությունը, թե Արցախի ավելի բացահայտ ներառումը Հայաստանի մեջ կարող է հանգեցնել պատերազմի անհիմն է, քանի որ Ադրբեջանի կողմից պատերազմի չսկսելու միակ պատճառը իր անբավարար պատրաստությունն է, իսկ որպես առիթ «միացումը» «անկախության ճանաչումից» ոչինչով չի տարբերվում:

slaq.am

 
Դիտել են 150 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info