Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։
Այս տարի լրացավ անկախության հռչակման 21-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Տոնի կապակցությամբ այսօր երկրում բազմաթիվ հանդիսություններ են նախատեսված:
«Հայաստանի անկախ հանրապետության անցած 21 տարիները հայոց պետականության վերստեղծման, հայերի ինքնության ամրապնդման տարիներ են», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Ազգի եւ պետության հավերժության հավիտենականության գաղափարախոսության իրեղեն գործիքը անկախությունն է։ Այն ազգը, որը անկախ պետականություն չունի, պատմությունը ցույց է տալիս, երբեմն էլ որպես ազգ բնաջնջվում է», – հավելեց Գալուստ Սահակյանը։ – «Անկախությունը ի վերուստ տրված գործիք չէ։ Յուրաքանչյուր ազգ ինքն է տքնում, տառապում, արարում, որպեսզի ունենա հավիտենականություն եւ ուժեղ պետություն»։
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի ներկայացմամբ, անկախ պետականությունը հայ ազգին տալիս է սեփական դրսեւորումների համար ամենաբարձր հարթակը․ – «Եվ առաջին միտքը, որ գալիս է, ազգային արժանապատվության սուր զգացում։ Ցանկանում եմ, որպեսզի գիտակցումն այսօրվա այս տոնի յուրաքանչյուրի մեջ առանց որեւէ բացասական երանգների դառնա ամենաբարձր տրամադրության առիթը»։