Հոկտեմբերի 24-ի մամուլ

«Ժամանակ»-ը «Իսկ ո՞վ «ծախեց» շարժումը» վերնագրի ներքո գրում է. – «Հայ ազգային կոնգրեսը, փաստորեն, ավելի ու ավելի է որոշակիանում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նախագահական ընտրություններում միասնական մասնակցության հարցում։ Դրա պարզ վկայությունն է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԲՀԿ նախագահի սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքով, որտեղ նա պարզ հայտարարել է, որ Կոնգրեսը ԲՀԿ հետ համագործակցելով` կկարողանա հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին։ Այսինքն` այս մասին արդեն խոսվում է հստակ ու բացահայտ, եւ Կոնգրեսը պարզ ասում է, որ առանց ԲՀԿ-ի ինքն անզոր է Սերժ Սարգսյանի դեմ։ Այն, որ Զուրաբյանը նաեւ խոսում է ԲՀԿ-ի առանձին անզորության մասին` դա ընդամենը հավասարակշռությունը պահելու թույլ փորձ է, որովհետեւ իրականում «Բարգավաճ Հայաստան»-ը Սերժ Սարգսյանի հետ ունի իր խնդիրները, որոնք պայմանավորված են ընդամենը հայաստանյան կարկանդակի բաժանման շուրջ անհամաձայնություններով։ Եվ այս ուժի հետ Կոնգրեսը Հայաստանում իշխանափոխության հույսեր է կապում եւ դեռ մի բան էլ այդ հույսերի ընդդիմախոսներին մեղադրում ծախվածության եւ պատվեր կատարելու մեջ։ Իսկ ո՞ւմ եւ ինչքանո՞վ ծախեց Կոնգրեսը այն համաժողովրդական շարժումը, կամ ինչպես ծախսվեց շարժումը, որը չորս տարի առաջ Հայաստանում աննախադեպ հզոր ալիքով իշխանությանը ստիպել էր հայտնվել գրեթե անելանելի վիճակում»։

«Ժողովուրդ»-ը գրում է. – «Իշխանությունների ցինիզմն արդեն հասել է իր գագաթնակետին. ռեժիմը որոշել է ամեն քայլափոխի ծաղրել ժողովրդին։ Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում ներկայացնում էր «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը։ Ըստ այդմ` առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ։ Բայց «ազգի փրկության» ծրագիրը չանցավ, քանի որ բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գներն աճում են երկրափաչական պրոգրեսիայով։ Պատահական չէ, որ երբ ընդդիմադիր պատգամավորները ֆինանսների նախարարին հարցրին` ՀՀ-ում խայտառակ գնաճի պայմաններում մարդն ինչպես կարող է ապրել 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, Վաչե Գաբրիելյանը կցկտուր բացատրեց. – «Սպառողական զամբյուղը կազմող շատ ապրանքներ կարելի է գնել նվազագույն աշխատավարձի 7-8 տոկոսով, այսինքն` 2500 դրամով»։

«Առավոտ»-ի խմբագիրը «Այդ բառից կախված չենք» վերնագրի ներքո գրում է. – «Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը։ Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի։ Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար։ Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության եւ Թուրքիայի միջեւ լուրջ խնդիր է առաջացել, եւ «ցեղասպանություն» բառը, ինչպես նաեւ «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում։ Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա»։

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info