Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանը կրկին հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի ներկայացուցիչներին: Նոյեմբերի 5-8-ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը, որը կանցկացվի «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:
Եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար:
Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով, հայ և հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով: