Միկրոպրոցեսորների նախահար Ֆեդերիկո Ֆազինը ճարտարագիտական համալսարանում, նրան շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտերի կոչում

Ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2012թ. մրցանակի դափնեկիր, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, առաջին միկրոպրոցեսորի նախագծող Ֆեդերիկո Ֆաջինը:
Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ֆեդերիկո Ֆաջինի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալից ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում”:
ՀՊՃՀ ռեկտորը համառոտ ներկայացրեց համալսարանի գործունեությունը` հիմնականում շեշտը դնելով վերջին տասնամյակում համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա:
Այցի շրջանակներում “միկրոպրոցեսորի հայր” Ֆեդերիկո Ֆաջինը հանդես եկավ մասնագիտական արժեքավոր դասախոսությամբ, որը նվիրված էր տրանզիստորների, դրանց կառուցման տեխնոլոգիաների ներկային ու առաջիկա 60 տարվա կանխատեսումներին և դրանից կախված նոր տեսակի համակարգիչների ստեղծմանն ու կառավարմանը, ինչպես նաև այդ գործում կենսատեխնոլոգիաներին վերապահված մեծ դերին, որը հանգեցնի տեխնոլոգիական նոր հեղաշրջման:
Իր ելույթում Ֆեդերիկո Ֆաջինը շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ մեծ հաճույքով կրկին կգա Հայաստան` հանդիպելու և իր փորձով կիսվելու ՏՏ ոլորտի զարգացումների և նորարարական գաղափաների մասին ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: “Կարծում եմ, Հայաստանը զարգացման ճիշտ ընթացք է ընտրել: Այս հարցում ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ: Հայաստանում ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց, ովքեր պատրաստ են արձագանքել անընդհատ զարգացող տեխնոլոգիաներին, իսկ դա ցանկացած երկրի նորարարական միջավայրի զարգացման կարևոր նախապայմանն եմ համարում”,-ընդգծեց պարոն Ֆաջինը:
Մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Apple Computer կորպորացիայի համահիմնադիր և ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2-րդ մրցանակակիր Սթիվ Վոզնյակին, “INTEL” կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 1-ին մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և “Սինոփսիս” ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական և հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info