Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու նպատակով: 2011 թվականից մինչեւ 2015 թվականը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով:

Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի եւ ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Մեր երկրում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման ուղղությամբ: Շարունակաբար իրագործվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի եւ երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն (ԽՀ), ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն:

Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետեւյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք եւ աջակցություն:

Կանխարգելման կարեւոր բաղադրիչը ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է, որը կարող է լինել պարտադիր, այցելուի եւ բուժաշխատողի նախաձեռնությամբ: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները եւ ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն եւ խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ եւ նրանց զուգընկերներ), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ԽՀ: 2011 թվականին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004-ի համեմատ աճել է 5,2 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004 թվականին հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2011-ին՝ 43 330 հղի, տարեկան 45 014 հղիությունն ավարտած կանանց պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում եւ զգալի կերպով նվազեցնելու նորածնի վարակման հավանականությունը: Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ` 2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որեւէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաեւ այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որեւէ դեպք չի արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների եւ արձանագրվող դեպքերի թիվը: ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով եւ հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաեւ բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:

ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման կարեւոր նախապայմաններից է: Թեեւ հիվանդությունը դեռեւս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, այնուհանդերձ այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այլեւս անբուժելիի փոխարեն համարվում է երկարատեւ ընթացքով քրոնիկ հիվանդություն եւ բուժումն սկսելուց հետո կյանքի տեւողությունը կարող է կազմել 35-40 տարի: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլեւ բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը եւ հիվանդների շրջանում մահացությունը: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը, այսինքն բուժումն ունի նաեւ անմիջական կանխարգելիչ նշանակություն:

Գոյություն ունի սերտ կապ բուժման հասանելիության եւ կանխարգելման միջեւ: Որքան մատչելի եւ հասանելի է ՀՌՎ բուժումը, այնքան ավելի շատ մարդիկ են դիմում խորհրդատվության ու հետազոտության ծառայություններ ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը ճշտելու համար: Դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս բացահայտելու համաճարակի իրական տարածվածությունը, պլանավորելու եւ ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները:

2005 թվականից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում եւ տվել են իրենց համաձայնությունը: 2012 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 440 հիվանդ, այդ թվում 11 երեխա: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց եւ նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաեւ կաթնախառնուրդներով: ՀՌՎ դեղերը եւ բժշկական նշանակության ապրանքները մատակարարվում են գլխավորապես ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլեւ տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատեւության պատճառով: Կարիք կա ընդլայնելու գործող ծրագրերը` մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաեւ ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղղությամբ երկրում կատարվում են որոշակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը:

ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման կարեւոր նախապայմաններից է նաեւ խարանի եւ խտրականության դեմ պայքարը:

Խարանի, խտրական վերաբերմունքի հանդեպ վախը շատերին հետ է պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի չիմացությունը հնարավորություն չի տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց` ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու բուժումից, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք եւ այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից: Խարանի եւ խտրականության ենթարկվելու վախը նաեւ բացասաբար է անդրադառնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից պաշտպանական միջոցների կիրառման վրա: Օրինակ` վարակվածությունը թաքցնելու համար հիվանդները չեն օգտագործում պահպանակներ, իսկ մայրերը, վախենալով ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակի բացահայտումից, շարունակում են կրծքով կերակրել երեխաներին` վտանգելով նրանց առողջությունը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարմանը: Այդ մարդիկ կարող են մերժվել բուժօգնություն, կրթություն կամ աշխատանք ստանալու համար դիմելիս: Այս ամենի հետեւանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը:

Խարանի եւ խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատեւ, քրտնաջան եւ հետեւողական աշխատանք։ Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ոչ միայն բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, այլեւ պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի եւ սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել նրանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը։ Միաժամանակ կարեւոր է նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացվի բարոյական եւ հոգեւոր արժեքների գնահատման ու ձեւավորման համատեքստում: Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի եւ մշակույթի գործիչների դերը: Ընդ որում, կարեւոր է, որ մարդիկ գիտելիքներ ստանան ոչ միայն վիրուսի փոխանցման ուղիների, այլեւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք սոցիալական ինտեգրման անհրաժեշտության մասին: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորման հարցում կարեւոր են նաեւ հանրային միջոցառումները` քարոզարշավներ, թոք-շոուներ, տեղեկատվական-կրթական այլ միջոցառումներ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորումը նաեւ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից անցկացվող սեմինար-վարժանքների, դասընթացների կարեւոր բաղադրիչն է:

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլեւ համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը հանձինս իր ենթակայության մասնագիտացված կառույցի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարունակելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդելու եւ մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

news.am

Թեգեր:

,
 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info