«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրեն զգում եւ մատուցում է որպես իր միակ ամենակատաղի մրցակիցն ու այլընտրանքը։ Նրա հռետորաբանությունը կոշտանում է, կոչերը` էլ ավելի սուր են հնչում։ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «քարը քարին չի թողնում» […] Սերժ Սարգսյանի օրոք իշխանական վարքուբարքը քննադատելիս։ Օրինակ, երեկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել լինել «ակտիվ քաղաքացի ու թույլ չտալ վատ իշխանության վերարտադրություն»։ «Եթե մերժում եք այն միտքը, որ մեր իշխանությունն այլեւս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին», – նախագահի թեկնածուի խոսքերն է մեջբերում «Հայկական ժամանակ»-ը։
«Հրապարակ»-ը գրում է. – «Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ»։ Թերթի պնդմամբ` Բագրատյանի համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, չեն ներգրավվում հանձնաժողովների մեջ։
Անդրադառնալով աշխարհահռչակ «Կարֆուր» ցանցի Հայաստան մուտք գործելու հարցում առաջացած պրոբլեմներին` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե «սա սովորական երեւույթ է, պետությունը շատ չի փորձում միջամտել այդ գործընթացներին»։ Այս դիտարկմանը անդրադառնալով` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Կարֆուրի» հետ կապված այս ամբողջ պատմությունը երեւի այն եզակի դեպքերից է, երբ պետությունը պարտավոր է միջամտել, որովհետեւ խոսքն, ի վերջո, ազատ մրցակցության մասին է։ Բայց արի ու տես, որ «պետությունը» չի ուզում միջամտել։ Հայաստանի համար սա իսկապես սովորական երեւույթ է»։ Թերթի գնահատմամբ` եթե «որեւէ մեկը փորձի, ասենք, շաքարավազ կամ բենզին ներկրել` գլուխը կպոկեն, բայց «պետությունը» դա կգնահատի որպես «առողջ մրցակցություն» եւ առանձնապես չի միջամտի»։