Ամփոփվեցին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012թ. արդյունքները

2_1Մարտի 5-ն կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012թ արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2010 թվականից:
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ իրականացվել է «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները: Մրցույթին մասնակցել է 144 սփյուռքահայ անհատ և Սփյուռքի հայկական կազմակերպություն, որից 121-ը արժանացել է մրցանակի:
Միջոցառման մասնակիցներին իր օրհնանքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը. «Աստծուց օրհնություն խնդրենք այս ծրագրի նախաձեռնողներին և մրցույթի մասնակիցներին հայապահպանությանն ուղղված ջանքերի և հայրենանվեր գործունեության համար»:
Ողջունելով և շնորհավորելով մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հաղթել են բոլոր մասնակիցները, հաղթել են, որովհետև դժվարին պայմաններում իրենց ժամանակը նվիրաբերել են և ջանք չեն խնայել տարբեր մշակույթներ կրող երկրներում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը և դրանով կառչած մնալ իրենց արմատներին, քանի որ հայրենիքից դուրս ապրողի համար այսօր ամենահզոր թշնամին ուծացումն է»:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ովքեր, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար, նշեցին, որ յուրահատուկ կամուրջ է ձևավորվել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության միջև: Համահայկական կառույցների հետ համագործակցությամբ մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ է կրելու և ընդլայնվելու են հայապահպանությանն ուղղված համատեղ ծրագրերը:
Մրցանակակիրներին հանձնվեցին 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգի դիպլոմներ, դրամական և խրախուսական պարգևներ: Մրցույթից ստացած դրամական պարգևը Նիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու դպրոցը տրամադրեց սիրիահայ ուսանող Վանես Աղճոյի ուսման վարձավճարի փոխհատուցմանը, իսկ «Դոնի Նախիջևան» թերթի խմբագրությունը գումարը փոխանցեց Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցին:
Միջոցառմանը ներկա էր 40-ից ավել սփյուռքահայ մրցանակակիր և նրանց ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին իրենց գործունեությունը բարձր գնահատելու համար:
Նշվեց նաև, որ 2013թ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվելու են «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների, «Մայր իմ անուշ ու անգին» շարադրությունների, ինչպես նաև «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Մայրենիի պաշտպան», «Համայնքային կառույց» անվանակարգերում մրցույթներ:

 
Դիտել են 252 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info