«Հայոց աշխարհ»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժումը կապելով Հնդկաստանի անկախության խորհրդանիշ Մահաթմա Գանդիի` բռնությունը բացառող փիլիսոփայության հետ, գրում է. – «Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա ընտրարշավի «աշխարհաքաղաքական պարտիայում» ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իշխանությանը հզոր ճնշման տակ պահելու հնարավորություն, իշխանություն, որն այս օրերին արտաքին ճակատում կանգնեցվել է հիրավի ճակատագրական ընտրության առաջ։ Նման պարագայում ինքնազոհության դիմելու Րաֆֆիի գանդիական պատրաստակամությունը ստեղծում է մի իրավիճակ, որը հիշեցնում է խորհրդային «Զանգեզուր» ֆիլմի բոլշեւիկ «հերոսի»՝ «Քեզ հետ միասին, Սաքո՛» մտադրությունը։ Ուրեմն ամեն գնով պետք է պահպանել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թանկագին առողջությունը»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Հասարակությունն այս օրերին կարծես թե բաժանվել է` կան Րաֆֆիին հարգողներ եւ սատարողներ, նրան հեգնողներ եւ կարեկցողներ։ Բայց ուշադրություն դարձրեք` հարգանքը, հեգնանքը կամ կարեկցանքը քաղաքական կատեգորիաներ չեն։ Հասարակությունը նրան ընտրել է, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, եւ այսօր միայն մի հարց կարող է լինել` ճի՞շտ մարդու է ընտրել այդ նպատակն իրականացնելու համար, թե՞ սխալ»։