Մարտի 20-ի մամուլ

mamul«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. – «Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետեւյալն է. քո ապրանքն արժե 1000 դրամ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ։ Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա։ Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ` 2008 թվականի նույնատիպ իրավիճակում «թեկնածուն» (Սերժ Սարգսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30 հազար հոգի, իսկ հիմա` միջինը 3 հազար հոգի։ Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել»։

«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. – «Սերժ Սարգսյանը հետընտրական որեւէ կառուցողական, ստեղծագործ մեսիջ հասարակությանը այդպես էլ չհղեց իր երկարաշունչ ասուլիսի ընթացքում։ Սակայն, փոխարենը, նա բավական նուրբ ակնարկներ հղեց իշխանական կամ մերձիշխանական շրջանակներին` մասնավորապես խոսելով կառավարության կազմավորման հարցի մասին եւ հայտարարելով, որ կառավարության եւ վարչապետի փոփոխություն չի պատրաստվում կատարել առնվազն 2013 թվականի ընթացքում»։ «Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը իսկապես շատ խոսուն է, եթե նկատի ունենանք, որ վարչապետի պաշտոնը հայաստանյան ներիշխանական շրջանակներում, ինչպես նաեւ մերձիշխանական շրջանակներում դարձել էր ամենաքաղցր պտուղը, որին ձգտում էին շատերը։ Գլխավոր հավակնորդների թվում էին դիտարկվում եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Վարդան Օսկանյանը, եւ Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջերս էլ Կարեն Կարապետյանը` Երեւանի նախկին քաղաքապետ», – նկատում է մեկնաբանը։

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. – «Ինչպե՞ս կարելի է համաձայնել [Սերժ Սարգսյանի] այն մտքի հետ, թե ՀՀԿ-ն ամեն ինչ արել է, որ խորհրդարանում օլիգարխներ չհայտնվեն։ ՀՀԿ խմբակցության անգամ «ամենաօրենսդիր» ներկայացուցիչներն ավելի շատ բիզնես-գործունեությամբ են զբաղված, քան օրենսդրական։ Կամ` իր ընդդիմախոսների կողմից հնչող քննադատության նկատմամբ այդ մերժումը, լրատվամիջոցներին ուղղված մեղադրանքները։ Պարզվում է` մամուլն է այն անբավարարության, դժգոհության, «գաղջ» մթնոլորտի պատճառը, որը տարիներ շարունակ իշխանավորները ձեւավորել են երկրում` ինտրիգներ հյուսելով, գռփելով, թալանելով, պաշտոնը չարաշահելով, հասարակական հոգսերի նկատմամբ զրո հետաքրքրություն դրսեւորելով»։

«Հայոց աշխարհ»-ը «Իսկ որտե՞ղ է քաղաքական ճգնաժամը» վերնագրի ներքո գրում է. – «Ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք է հենց քաղաքական ուժերի, կուսակցությունների վարքը՝ կարծեցյալ «քաղաքական ճգնաժամի» պայմաններում։ Տեսե՛ք. բոլոր լուրջ եւ քիչ թե շատ ակտիվ գործունեություն ծավալած քաղաքական ուժերը հենց այս օրերին ինտենսիվորեն զբաղված են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Այդ գործի վրա են թե՛ իշխող կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, թե՛ չիշխող ԲՀԿ-ն, թե՛ ընդդիմադիր ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, չհաշված արդեն «ճգնաժամի» մասին ամենից հաճախ խոսող «Ժառանգությունը»։

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info