Հայաստանում այսօր կայանալու է փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Սա հայաստանում երդմնակալության վեցերորդ արարողությունն է, Սերժ Սարգսյանը 2008թ. ընտրությունների արդյունքում դարձել էր Հայաստանի երրորդ նախագահը:
Երդմնակալության արարողությունը կայանալու է Ազգային Ժողովի հատուկ նիստի ընթացքում, որն այս կապակցությամբ կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Երդմնակալության արարողությունից անմիջապես առաջ ՄՀՀ են տեղափոխելու երկրի պետական խորհրդանիշները` ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշը, Սահմանադրության բնօրինակն ու Ավետարանը:
Դրոշը երդմնակալության արարողության պարտադիր սիմվոլ է: Դրոշը նախագահի կաբինետից դուրս է բերում նրա համհարզը: Արարողության վայր այն տեղափոխում է Պատվո պահակախմբի վաշտը` հատուկ մեքենայով: Սահմանադրության բնօրինակը պահվում է Սահմանադրական դատարանում, իսկ Ավետարանը` Մատենադարանում: Այս արարողության ընթացքում օգտագործվելու է նոր խորհրդանիշ` նախագահական իշխանության նշանը, որ հաստատվել է նախագահի` ապրիլի 5-ի հրամանագրով: Դա սկավառակ է, որի կենտրոնում հանրապետության զինանշան է, ցորենի հասկեր եւ «Հայաստանի հանրապետություն» գրառումը: Խորհրդանիշի հեղինակը քանդակագործ եւ ոսկերիչ Մնացական Թամրազյանն է:
ՄՀՀ շարժվող պահակախմբին ուղեկցելու է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը:
Նիստին մանսակցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով հայրապետական մաղթանք է հղելու նորընտիր նախագահին: Դահլիճում են լինելու նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ հետ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Անվտանգության խորհրդաի անդամներ, Հայաստանում հայտարարագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր բազմաթիվ երկրներից եւ կազմակերպություններից:
Երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը 2008թ. ձեւավորված ավանդույթի համաձայն կայցելի Եռաբլուր պանթեոն: Աստեղ նրան ուղեկցելու են «Փոքր ՄՀեր» եւ «Մոնթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանների լավագույն կուրսանտները: Սերժ Սարգսյանը ծաղիկներ կդնի Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԶորավարԱնդրանիկ Օզանյանի շիրիմներին: Առաջին անգամ կտրվի հրետանային համազարկ:
Ազգային հերոսների հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա նախագահի նստավայր, որտեղ ռազմական շքերթից հետո կընդունի կառավարության հրաժարականը:
news.am