«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Մոսկվիչկան» արցունքներին չի հավատում: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի սենսացիոն պաշտոնանկությանը հետեւեց նույնքան սենսացիոն պարզաբանումը: Պարզվեց նա պաշտոնանկ է արվել պաշտոնը եւ բիզնեսը համատեղելու եւ հասարակության որոշակի շերտերի սերտաճելու համար: Այս պարզաբանումը սենսացիոն է առաջին հերթին այն պատճառով, որ Ներսես Նազարյանի մոտ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, թղթերով ամեն ինչ կարգին էր, բիզնեսները գրանցված էին այլոց անուններով: «Մոսկվիչկա» ցանցն, օրինակ, թղթերով պատկանում է նրա որդուն: Բայց հասկանալի է, որ Նազարյանը Գասպարյան Վովային դատի չի տա ու ընդհանրապես հազիվ թե ծպտուն հանի: Այդ շրջանակներում նման բաներն ընդունված չեն: Մյուս կողմից, սակայն, եթե Գասպարյան Վովան որոշեր աշխատանքից ազատել բոլոր այն բարձրաստիճան ոստիկաններին, ովքեր ծառայությունն ու բիզնեսը համատեղում են, ապա առաջիկայում ոստիկանական համակարգում կապիտանից բարձր կոչում ունեցող չի մնա»:
«Ժողովուրդ»-ը գրում է. – «Թեեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ: Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաեւ կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը: Թերթի տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից: Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաեւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը»: