ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ասել է, որ Ադրբեջանը ուզում է տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:
Նախարարն այդ մասին ասել է` ելույթով հանդես գալով Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում:
Մեկնաբանելով Բաքվի վերջին հայտարարությունները, Էդվարդ Նալբանդյանն ասել, որ Ադրբեջանի ղեկավարները վարկաբեկում են իրենց միջազգային հանրության առջեւ: Նա հիշեցրել է, որ 2004թ. սկսվեց “պրահյան գործընթացը”, քանի որ նախորդ՝ “փարիզյան գործընթացը”, որն եզրափակվել էր Քի Վեսթի փաստաթղթով, “վերջին պահին տապալվեց Ադրբեջանի կողմից”:
Խոսելով 2007թ. Մադրիդում ներկայացված փաստաթղթի մասին, ՀՀ ԱԳ նախարարն հիշեցրել է, որ Բաքուն շուրջ մեկ տարի հրապարակայնորեն պնդում էր, որ այդ փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում:
Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ 2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ:
“Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել՝ այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում”, – շեշտել է նախարարը:
Նա ասել է, որ Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թ. հունիսյան տարբերակներին:
“Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում”, – ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա: Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է», – ասել է նախարարը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում: ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է “status quo plus”, այսինքն` այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում, ասել է նախարարը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն ուզում է ձերբազատվել համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից եւ տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը: