«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Եթե իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ երկխոսությունն այնուամենայնիվ կայանա եւ ընթանա համեմատաբար բարեհաջող, ապա նախընտրական պայքարի հայրենի տարբերակը՝ կաղապարված ինքնագովերգումներն ու փոխադարձ պախարակումները, այս անգամ հավանաբար կմատուցվի ընտրազանգվածին բնավ ոչ ամբողջական տեսքով: Չէ, գովաբանության առումով ամեն ինչ կարգին կլինի, իսկ այ հակառակորդների մասին տհաճ արձագանքների քանակը նկատելիորեն կնվազի: Այլ կերպ ասած, մենք կարող ենք դառնալ փոխադարձ քննադատության ողջախոհ ինքնասահմանափակման ականատես»: