«Ալեքսանյանի եղբորորդուն թաղապետ նշանակելու հող է նախապատրաստվում» – Բախշյան

Samvel

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը բարձրաձայնում է, որ  քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենշաբաթյա խորհրդակցություններին արդեն երկրորդ երկուշաբթին է այլ վարչական շրջանների ղեկավարների կողքին Մալաթիա-Սեբաստիա համայնքը ներկայացնում է 24-ամյա Արտակ Ալեքսանյանը: Նա վարչական այս շրջանից ընտրված պատգամավոր, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է:

Բախշյանը Մարգարյանից գրություն է ստացել, որում Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը այլ անձ է` վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Հարթենյանը:

«Հիմա ուզում եմ հասկանալ, թե այս խորամանկությունը՝ պարզունակ խորամանկությունը ի՞նչ է նշանակում: Ենթատեքստը գիտեմ, որ Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան, որի տարիքը դեռևս 25 չէ, շատ ուզում է Սամվել Ալեքսանյանը, որ նշանակվի վարչական շրջանի ղեկավար, բայց գիտեն, որ տարիքի նկատմամբ օրենքի պահանջ կա, և, փաստորեն, մինչև 25-ը լրանա՝ որոշել էին Սամվել Հարթենյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, բայց նույնիսկ դա զանց են առել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, հիշեցնենք, թափուր մնաց, երբ թաղապետ Դավիթ Օհանյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ:

Ըստ Հայաստանի ընտրողների ռեգիստրի տվյալների, Սամվել Ալեքսանյանի եղբորորդու` Արտակի 25-ամյակը լրանում է այս տարվա սեպտեմբերի 28-ին: Անահիտ Բախշյանը համոզված է, որ քաղաքապետի խորհրդակցություններին Ալեքսանյանին ուղարկելով՝ հող է նախապատրաստվում, որ 25 տարեկանը լրանալուն պես նա նշանակվի թաղապետ:

«Պարզունակ կեղծիքը, որ ուզում են ինչ-որ բան թաքցնել, չի հաջողում: 25 տարեկան պատանին վարչական շրջանի ղեկավար պարզապես չի կարող լինել, որովհետև ոչ մի հմտություն չունի, առաջին հերթին, մարդկանց հետ շփվելու՝ իրենից տարիքով շատ ավելի մեծ, և կարծում եմ, որ Սամվել Ալեքսանյանը հեչ լավություն չի անում իր եղբոր տղային», – շեշտեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը:

Երեւանի քաղաքապետարանում, մինչդեռ, հակադարձում են․ Արտակ Ալեքսանյանը փոխթաղապետն է եւ օրենսդրական որևէ արգելք չկա, որ թաղապետի փոխարեն նա մասնակցի Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցություններին: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հարթենյանը տեղյակ է պահել Երևանի քաղաքապետին, որ իր փոխարեն 24-ամյա տեղակալն է մասնակցելու նիստերին:

«Ես չգիտեմ տիկին Բախշյանին ինչն է անհանգստացնում, բայց ամեն դեպքում օրենքով սահմանված կարգով որևէ խախտում այս դեպքում գոյություն չունի», – պնդեց Գևորգյանը:

Քաղաքապետարանում վստահեցնում են, որ թեև Արտակ Ալեքսանյանը երիտասարդ է, բայց նոր մարդ չէ թաղապետարանում, նախկին թաղապետն էլ է Ալեքսանյանին լիազորել իր փոխարեն մասնակցել քաղաքապետարանի նիստերին:

Անահիտ Բախշյանի կանխատեսումները, թե Ալեքսանյանն ապագա թաղապետն է, Արթուր Գևորգյանի գնահատմամբ՝ միայն ենթադրություններ են, եւ քաղաքային իշխանությունները դրանք չեն մեկնաբանում:

Հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը չի շտապում համայնքի նոր ղեկավար նշանակել, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ժամկետներ չի սահմանում, եւ շարունակեց․ – «Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եւս քաղաքապետի գործառույթների շրջանակում է, եւ այդ նշանակումը կատարվել է՝ ժամանակավոր պաշտոնակատար կա, պաշտոնը թափուր չէ: Ամեն ինչ օրենքի շրջանակում է: Թե ինչու ժամանակավորի փոխարեն հիմնական չի նշանակում, դա, կներեք, արդեն քաղաքապետի որոշելիքն է»:

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը հրաժարվում է շփվել լրագրողների հետ:

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info