Շաղատում հուղարկավորվել է 19-ամյա զինծառայողը

FBC46430-4E30-4D85-812A-94AC8BE9CC42_w640_r1_sԱրմավիրի զորամասում շուրջ 7 ամիս ծառայած և ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ անցած ուրբաթ օրը «սավանով կախված վիճակում» հայտնաբերված 19-ամյա Գաբրիել Լալազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր:

Գաբրիելը ընտանիքի հետ բնակվում էր Ռուսաստանում և Հայաստան է եկել հատուկ հայկական բանակում ծառայելու նպատակով: Ծնունդով նա Սյունիքի մարզի Շաղատ գյուղից էր: Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Գաբրիելի ընտանիքի անդամները, նրա մահվան լուրը ստանալով, եկել են Հայաստան: Գյուղապետի ունեցած տեղեկություններով, Գաբրիելը ծառայության ընթացքում դժգոհություններ և բողոքներ չի հայտնել ծնողներին:

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 6-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: Ըստ հաղորդագրության, Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ի դեպ, լուրեր կան, որ Գարիելը նախքան մահը եղել է ռազմական ոստիկանությունում:

«Ազատություն» ռադիոկայանի մի շարք հարցերին, այդ թվում այն հարցին, թե նախաքննական մարմինը չի՞ փորձի ստուգել այլ վարկածներ, բացի ինքնասպանությունից, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց, թե նախաքննության դետալները հրապարակային լինել չեն կարող:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն, ի դեպ, օրերս հնարավոր էր համարել ընդգրկվել Հայաստանի զինվորական դատախազության առաջարկած զինված ուժերում մահվան դեպքերն ուսումնասիրելու նպատակով ձևավորվելիք աշխատանքային խմբում, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կփորձի պարզել այս դեպքի մանրամասները․ – «Ինձ համար հասկանալի չէ ինքնասպանության վարկածը: Հնարավոր չեմ կարող համարել դա: Մենք դա կուսումնասիրենք, տվյալներ կհավաքենք, որովհետեւ այդ հանձնաժողովում մասնակցելու պարագայում նույնիսկ չենք բավարարվելու միայն պաշտոնական վարկածներով եւ քննչական մարմնի կողմից այդ հանձնաժողովում ներկայացվող տվյալներով: Նման դեպքերում, կամ նման որակումներով գործերի վերաբերյալ տեղեկատվությունները, որ նախկինում հավաքել են, միշտ մեզ մոտ համոզմունք է ստեղծվում, որ ինքնասպանություն չի եղել: Դա կարող եմ ասել թե՛ Հայկ Մովսիսյանի դեպքը, թե՛ Հայկ Սալեյանի դեպքը, թե՛ Տիգրան Վարյանի դեպքը՝ ամենավերջին այսպես կոչված «ինքնասպանության» դեպքը»:

Անցյալ շաբաթ զինվորական դատախազությունը հաղորդագրություն էր տարածել և նշել, որ 2011 թվականի հունվարի 1-ից հետո բանակում մահվան դեպքերն ուսումնասիրելու նպատակով ձեւավորվելիք աշխատանքային խմբի խորհրդատվական  եզրակացության հիման վրա կկայացվեն դատավարական որոշումներ:

azatutyun.am

 
Դիտել են 140 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info