Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի գլխավորած պատվիրակությանը: Քաղաքապետը Հայաստան է ժամանել Սալոնիկի քույր քաղաք Գյումրիի հետ առավել սերտ շփումներ և ակտիվ հարաբերություններ հաստատելու նպատակով: Առաջիկայում նրանք 250-300 հայ երիտասարդների կհրավիրեն Սալոնիկ՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, փոխադարձ կապեր հաստատելու իրենց հասակակիցների հետ:
Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում նշեց. «Ուրախ եմ, որ Ձեր ծրագրերում շեշտը դնում եք երիտասարդության վրա, նրանք մեծ ուժ են և մեր ապագան: Մեր ժողովուրդների բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն, և մենք պետք է մեր առջև ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարենք: Մենք ունենք տնտեսական, կրթական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտները զարգացնելու հզոր ներուժ»:
Քաղաքապետը իր խոսքում նշեց. «Սալոնիկի հայ համայնքը կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքի հասարակական կյանքում: Ձեր հայրենակիցները շատ խելացի ու աշխատասեր մարդիկ են: Այս հարաբերությունները նման բարձր մակարդակի վրա դնելն ու զարգացնելն իմ երազանքներից մեկն է, որը, հուսով եմ, կիրականանա»:
Հանդիպման ավարտին նախարարն ու քաղաքապետը հուշանվերներ փոխանակեցին: