Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր Երեւանում ասել է, որ «մեր հանդիպումն Ահմեդ Դավութօղլուի հետ հաստատել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները բավականին վատթար վիճակում են գտնվում»:
Ռիչարդ Կիրակոսյանը հուլիսի 18-ին հայկական հասարակական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչների հետ Անկարայում հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:
«Բաքվի դիրքորոշման հետ պայմանավորված` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպման ձախողումից հետո, Անկարան եւս գիտակցեց, որ Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում», – ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նկատել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները խորհրդանշող` «Մեկ ազգ-երկու պետություն” կարգախոսը չի համապատասխանում այսօրվա իրողություններին: