«Հայկական ժամանակ»-ը գրում է․ – «Երևանի քաղաքային իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ անում են մայրաքաղաքի բնակիչների առօրյան «դժոխքի» վերածելու համար: Ցանկացած երևանցի իր տնից աշխատավայր կամ որևէ այլ տեղ հասնելու համար ենթարկվում է իսկական կտտանքների՝ կանգառներում ժամերով սպասելով քաղաքային տրանսպորտի, ապա վայելում հոտավետ, կեղտոտ երթուղայիններում քրտնաթոր մարդկանց հետ ճզմված երթևեկելու «բերկրանքը»: Դժոխքը կատարյալ դարձնելու համար այս վայելքի գինն արդեն ավելացել է»:
«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադառնալով «Վճարում ենք 100 դրամ և իջնում» նախաձեռնության ստեղծմանը, տրանսպորտի թանկացման հնարավոր հետևանքներին, գնահատում է․ -«Տրանսպորտի թանկացման որևէ հաշվարկ չի ներկայացվել, և առաջարկված նոր սակագինը որևէ առնչություն չունի գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագների տրամաբանության հետ, ուստի պետք է տնտեսական հիմնավորված հաշվարկ պահանջել կառավարությունից, ապա նոր անցնել կոնկրետ գործողությունների»:
«Հարված գոտկատեղից ներքև» վերնագրով առաջնորդող հոդվածում «Ժամանակ» թերթն արձանագրում է․ -«Հայաստանում սոցիալական բևեռացումն ավելի ու ավելի է խորանում, և նախօրեին կայացված որոշումը՝ Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, ևս մի քայլ էր դեպի այդ բևեռացման խորացումը: Բևեռացումը, բնականաբար, տեղի է ունենում միջին խավի ձևավորման գործընթացի չեզոքացմանը զուգահեռ: Այս տեսանկյունից պետք է նաև արձանագրել, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև այն, որ արտագաղթողների մեծ քանակ է կազմում հենց միջին խավը կամ պոտենցիալ խավը»: