«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ – «Մի բանում եմ համաձայն՝ աճող սերունդը շատ ավելի լավն է, քան իրենց հայրերն ու պապերը: Եվ նրանք չեն հանդուրժելու այս կիսատ-պռատ վիճակը, կոռումպացված իշխանություններին, կեղծված ընտրությունները, անհեռանկար ապագան: Մի օր նրանք իրենց ձեռքն են առնելու այս երկրի կառավարումը և իրենց չարդարացրած իշխանավորներին ու ուժերին ասելու են՝ ցտեսություն, դուք չարդարացրիք մեր հույսերը, բարի եղեք ազատել աթոռները»:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է․ – «Ասոցացման համաձայնագրի և Խոր, համապարփակ ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրմամբ Հայաստանը պաշտպանում է իր շահերը, ճիշտ այնպես, ինչպես ռուսներն են պաշտպանում իրենց շահերը՝ համագործակցելով մասնավորապես Ադրբեջանի հետ։ Ազատ առևտրի պայմանագիրը մեզ թույլ կտա ավելի մրցունակ դարձնել մեր արտադրանքը՝ համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին»։