Սաակաշվիլին քննադատում է մինարեթի ապամոնտաժումը

FB1EC005-B5F4-4494-B7A3-FB2C8A97C804_w640_r1_s«Իր չմտածված գործողություններով Իվանիշվիլիի կառավարությունը խաթարում է հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ», – երեքշաբթի երեկոյան Բաթումիում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` մեկնաբանելով Սամցխե-Ջավախքում վերջին օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունները:

Հիշեցնենք՝ շաբաթասկզբին առավելապես Աջարիայից տեղափոխված վրաց մահմեդականներով բնակեցված Ադիգենիի շրջանի Չելա գյուղում ապամոնտաժվեց տեղի մզկիթի 24-մետրանոց մինարեթը: Իշխանություններն այս գործողությունը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ այն իբր կառուցվել է Թուրքիայից անօրինականորեն ներկրված շինանյութով: Ապամոնտաժումից անմիջապես հետո տեղի բնակիչների և ոստիկանության հատուկ ջոկատայիններին միջև կատաղի բախումներ տեղի ունեցան: Ընդամենը մի քանի ժամում մինարեթի ապամոնտաժումը դարձավ վրացական լրատվամիջոցների թիվ մեկ թեման` ստվերելով անգամ նոր մեկնարկած նախագահական քարոզարշավը:

Պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս քաղաքական հակառակորդներին քննադատելու առթիը բաց չթողեց: Խորհրդանշական է, որ Վրաստանի վարչապետի դեմ ուղղված հայտարարությունների հերթական չափաբաժինը նա հնչեցրեց Բաթումիի մզկիթ այցելելուց հետո:

«Իմ կարծիքով, այն, ինչ տեղի ունեցավ Ադիգենիում, հստակ մտածված սադրանք էր, որի նպատակն էր տարբեր դավանանք ունեցող վրացիներին տրամադրել միմյանց դեմ: Սա արդեն մի քանի ամիս նկատվող միտման շարունակությունն է», – հայտարարեց Վրաստանի նախագահը` հատուկ ընդգծելով, որ առաջին հայացքից տեղային թվացող Չելայի միջադեպը կարող է զգալիորեն բարդացնել Վրաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Հաշվի առնելով մեր բարդ աշխարհքաղաքական դիրքը, երբ մեր հարևաններն են Ադրբեջանը, Թուրքիան, այլ պետություններ, այս ամենը կարող է մեզ համար շատ լուրջ խնդիրներ ստեղծել: Դա կարող է ի վերջո հանգեցնել մի իրավիճակի, երբ Վրաստանը մեն մենակ կհայտնվի մեր տարածքները զավթած հարևան պետության` Ռուսաստանի դեմ: Նման սադրանքների հետևանքով մենք կարող ենք բացարձակապես անպաշտպան մնալ», – ասաց Սաակաշվիլին:

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Սաակաշվիլին միակ բարձրաստիճան պաշտոնյան էր Վրաստանում, ով վերջին օրերին իր աներկբա աջակցությունը հայտնեց երկրում բնակվող շուրջ կես միլիոն մահմեդականներին:

Թբիլիսիում հնչող կարծիքների համաձայն, սակայն, Սաակաշվիլիի այս քայլը թելադրված էր հստակ քաղաքական հաշվարկով: Մոտ երկու ամսից կայանալիք նախագահական ընտրությունների շեմին նման գործողությունները մահմեդական ընտրազանգվածի աջակցությունը կարող են ապահովել նախագահի պաշտոնի համար պայքարող Սաակաշվիլիի մերձավոր զինակցի` Դավիթ Բաքրաձեի համար, որի վարկանիշն ըստ վերջին հարցումների չի գերազանցում 10 տոկոսը:

azatutyun.am

 
Դիտել են 100 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info