«Հայոց աշխարհ»-ը «Իշխանության և բիզնեսի մասին» վերնագրի ներքո գրում է․ – «Բազմաթիվ գեղեցիկ և ճշմարտացի ճառեր մենք լսեցինք խորհրդարանում նոր գլխավոր դատախազի թեկնածության քննարկման ընթացքում։ Ե՛վ օրենքի առջև բոլորի հավասարության մասին, ե՛ւ արդարության, ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարի։ Մի քանի ելույթներում անդրադարձ եղավ նաև պետապարատի և բիզնեսի տարանջատման անհրաժեշտությանը։ Հուզական տեսանկյունից իշխանության և բիզնեսի սերտաճման քննադատներին հասկանալը հեշտ է. հատկապես եթե սեփական աչքով հետևես մեզանում այդ գործընթացի ձևերին ու արդյունքներին։ Բայց եթե դիտենք խնդիրն ըստ էության և հնարավորինս անաչառ, ապա դա պակաս պարզ ու ակնհայտ է թվում։ Աշխարհի զարգացած երկրների գերակշիռ մասում քաղաքական էլիտան սերտ կապեր է պահպանում խոշոր բիզնեսի հետ, ինչը անհրաժեշտ է, օրինակ, ընտրարշավների ֆինանսավորման համար։ Երբ խորհրդարանում տեղի կամ սենատորի, նահանգապետի պաշտոնի համար պայքարը տասնյակ, նույնիսկ հարյուր միլիոնավոր դոլարներ է պահանջում, մեծ քաղաքականության և խոշոր բիզնեսի կապի բացակայություն ակնկալելը միամտություն կլիներ»։
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ բրիտանական դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսին երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում հարցրել են, թե ինչու բրիտանացիները լուսաբանումներում Հոլոքոսթին իբրև փաստ են վերաբերվում, իսկ եթե հարցը Հայոց ցեղասպանությանն է առնչվում, ստիպված են լինում «մանևրել» «Լանս Փրայսը դիվանագիտորեն պատասխանեց, որ բրիտանացիներն ամեն դեպքում փորձում են հավասարակշռված ներկայացնել իրողությունները, իհարկե՝ իրենք կարդում են, տեղեկացված են, թե ինչ է պատահել նախկինում», – փոխանցում է թերթը: