Համաշխարհային բանկը (ՀԲ) 55$ մլն-ով ավելացնում է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այսօր Երեւանում կայացած կառավարության նիստին վարչապետն ասել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:
«Դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաեւ կառավարման բարձր մակարդակով։ ՀԲ կողմից մեր կատարողականը գնահատվել է բարձր, եւ դա հնարավորություն է տվել բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանին, $55 մլն-ով ավելացնել»,- ասել է վարչապետը:
Հավելյալ միջոցները նախատեսվում է ուղղել ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման ոլորտներ:
Ներկայումս ՀԲ հայաստանյան վարկային պորտֆելի չափը $305 մլն է: Վարչապետն այսօր հանձնարարել է նշված ոլորտների պատասխանատուներին մինչեւ սեպտեմբերի ավարտը հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։
Հուլիսի 7-ին ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին հայտարարել էր, որ առաջիկա 2 տարիների ընթացքում ՀԲ-ն նախատեսում է տրամադրել Հայաստանին շուրջ $200 մլն-ի վարկային միջոցներ՝ աղքատության դեմ պայքարի եւ տնտեսական զարգացմանն աջակցելու համար: