Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է Հայաստանի ուղղությամբ երկաթուղային տարանցումը բացելու պատրաստակամության մասին:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», նա նկատել է, որ այս հարցի լուծումը կախված է ոչ միայն Աբխազիայից: Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ մոտ ժամանակներս կավարտվի երկաթուղու վերանորոգումը` ռուսաստանյան սահմանից մինչեւ Սուխումի:
Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան վերջերս ասել էր, որ 2005-ին լրջորեն քննարկվում էր Ռուսաստանը եւ Հայաստանը կապող երկաթուղու Աբխազիայի հատվածի աշխատանքի վերականգման հարցը:
«Մենք պետք է սկսենք խոսել Ռուսաստանի Դաշնության հետ: Այն հարցերը, որոնք մենք այսօր չենք կարող լուծել, չպետք է խոչընդոտ դառնան այլ հարցերի մասին խոսելուն: Առանց Ռուսաստանի հետ հարաբերութունների կարգավորման մեզ դժվար կլինի մուտք գործել Աբխազիա մարդասիրական եւ մշակութային տեսակետից: Աբխազիայի հետ հարաբերություններից բացի մենք պետք է քայլ առ քայլ անցնենք արդյունաբերական, առեւտրային, ենթակառուցվածքային հարաբերություններին, որոնց մասին խոսում էինք 2005 թվականին: Այն ժամանակ մենք ասում էինք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը իրար կապող երկաթգիծը պետք է վերսկսի իր աշխատանքը»,- ասել է Իրակլի Ալասանիան «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում:
2005թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ասել էր Աբխազիայի երկաթգծի վերականգման աշխատանքներին հայաստանյան կողմի «անհետաձգելի մասնակցության» մասին: Նախարարը նշել էր, որ ռուսաստանյան, վրաստանյան եւ աբխազյան փորձագետներն արդեն ավարտել էին երկաթուղու վիճակի ուսումնասիրությունը, եւ այժմ Ռուսաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն շինարարական փուլի աշխատանքների վերսկսման վերաբերյալ:
Նույն տարվա հոկտեմբերին ՌԴ տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը Երեւանում հայտարարել էր, որ «Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Աբխազիան, հավանաբար, ստեղծեն կոնսորցիում` Աբխազիայի երկաթգծի վերականգման նպատակով»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նշում էր, որ իր երկիրը «դեմ չէ» Աբխազիայի երկաթգծի հատվածում երկաթուղային կապի վերականգմանը: Ընդ որում, նա ասում էր, որ Աբխազիայի տարածքում երկաթուղային կապի վերականգնումն ավելի շատ ֆինասական ծախսեր է պահանջում, քան Թուրքիան եւ Հայաստանը կապող Կարս-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը:
2003-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ասել էր, որ «եթե Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն, ապա իրենց երկրի հանրային կարծիքին կհամոզեն Աբխազիայի երկաթգծի շահագործման անհրաժեշտությունը»: