«Առավոտ»-ը զրուցել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: «Ի՞նչ ենք կորցնում Հայաստանի՝ մինչ այժմ ունեցած արևմտյան կողմնորոշման փոփոխությունից դեպի Հյուսիս, և արդյոք որևէ բան շահո՞ւմ ենք», – հարցրել է թերթը: «Տվյալ դեպքում մենք ունենք իրավիճակ, որ շատ կոնկրետ, կողմնորոշումից դուրս, մի մեծ ծրագիր չի իրագործվելու աշխարհի գրեթե ամենահզոր տնտեսական ուժի հետ: Բնականաբար, դրանից տուժելու է Հայաստանը: Որքան շուտ Հայաստանը դառնա արտոնագրերի կարիք չունեցող՝ Եվրոպա մեկնելիս, որքան արագ հայերը դառնան ուսման և աշխատանքի լիիրավ իրավունք ունեցող՝ Եվրոպայում, որքան արագ Հայաստանի բուհերը մերվեն Եվրոպայի բուհերի հետ՝ ծրագրերով և ստանդարտներով, որքան արագ հաղթահարի Հայաստանը ապրանքների եվրոպական ստանդարտին հասնելու ցավն ու դժվարությունը՝ որ մրցունակ լինի իր ապրանքը Եվրոպայում, որքան շատ եվրոպացիներ գան Հայաստան ապրելու, աշխատելու, բիզնես անելու, Հյուսիսային պողոտայում թափառելու, Տաթևի ճոպանուղուց օգտվելու, որքան ակտիվորեն Հայաստանը մասնակցի այլ երկրների ճակատագրերը քննելուն՝ իր եվրոպական գործընկերների հետ․․․ այնքան ավելի հզոր, ավելի ապահով, ավելի ուժեղ, ավելի կարող, ավելի օգուտ բերող, ավելի անվտանգ կդառնա Հայաստանը», – ասել է Տեր-Գաբրիելյանը: Հարց․ – «Իսկ Մաքսային միության հետ միանալու ծրագիրը կիրագործվի՞»: Պատասխան․ – «Գուցեև ոչ: Գուցեև Պուտինի նպատակն էր ցույց տալ, որ ինքը կարող է ստիպել Հայաստանի նոմենկլատուրային անել՝ ինչ ինքը կուզի, այդքան բան․ հրաժարվել թվացյալ շահավետ տարբերակից: Գուցե նրա նպատակն է հպատակեցնել, ռուսիֆիկացնել Հայաստանը: Գուցե դա նպատակն է Հայաստանի նոմենկլատուրայի»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է․ – «Հոկտեմբերի 24-25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստերի նախօրեին անընդհատ խոսվում էր Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության առջև գոյություն ունեցող ինչ-որ խոչընդոտների մասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ նիստին նախորդած ողջ իրարանցումն, ըստ էության, Հայաստանի հետ անմիջական կապ չուներ, քանզի խոսքը վերաբերում էր սոսկ Մաքսային միության եռյակի ներսում եղած որոշակի խնդիրների լուծման համար «հայկական խաղաքարտն» օգտագործելու ոմանց երկչոտ փորձերին։ Իսկ ահա բուն խնդիրը կամ այդ ամենի հիմնական պատճառը այն է, որ Մաքսային միության եռյակն արդեն որոշակի ճանապարհ է անցել, և այն հաղթահարելու համար Հայաստանը պետք է «սպրինտերի» արագություն հավաքի»։