Ֆուկուսիման, Արեւմուտքի ճնշումը Հայաստանի վրա եւ Ադրբեջանի գործոնը

Ճապոնական ատոմակայաններում ծավալված դրամատիկ իրադարձությունները Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական առիթը տվեցին Արեւմուտքին` ոչ առանց Ադրբեջանի միջամտության: Պաշտոնական Բաքուն կանխատեսելիորեն համահունչ եղավ Արեւմուտքի հետ, որը վաղուց է պնդում Մեծամորի ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին: Ամբողջ իրարանցման բնութագրական գիծը հրապարակումներում եւ հայտարարություններում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ցածր մակարդակը հաստատող ապացույցների բացակայությունն է:

Հին խորհրդային ատոմակայանների անվտանգության ցածր աստիճանի մասին 90-ականների սկզբին տարածված կարծիքն ակնհայտորեն սպառված է: Ճապոնիայի գերժամանակակից ատոմակայաններում տեղի ունեցածը վկայում են հակառակի մասին: Սակայն դրա համար չեն Ադրբեջանի իշխանությունները շռայլորեն վարձատրում բազմաթիվ արեւմտյան փորձագետների աշխատանքը:

Վերջին ամենավառ օրինակը եղավ Foreign Policy Journal-ում հրապարակված Ռիչարդ Ռուսոյի հոդվածը: Փորձագետը բազմաթիվ անապացույց հայտարարություններով պնդում է, թե Հայկական ԱԷԿ-ի եւ բոլոր հին խորհրդային ատոմակայանների անվտանգության մակարդակը չափազանց ցածր է: Կարելի էր ուշադրություն չդարձնել այդ հրապարակմանը, եթե Ռուսոն չլիներ Բաքվի Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանություններից աշխատավարձ ստացող հերթական արեւմտյան փորձագետը փորձում է իր ներդրումն ունենալ ադրբեջանական պետական քարոզչական մեքենայի գործունեությունում:

Սակայն, եթե պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հասկանալի է` օգտվել Հայաստանին վնաս հասցնելու բոլոր հնարավորություններից, ապա Արեւմուտքի վարքը տարօրինակ է դառնում: Հերթով ձախողվում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի տարածաշրջանային նախաձեռնությունները. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից նույնիսկ հետք չի մնացել, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները Բաքվի անհաշտ դիրքորոշման պատճառով էլ ավելի փակուղային են դառնում, մշուշոտ է նաեւ «Նաբուկո» նախագծի հեռանկարը: Սակայն ամենահաս Արեւմուտքը Մեծամորի ԱԷԿ-ի հարցում շարունակում է իր գիծը տանել:

Արեւմուտքը համառորեն չի ուզում տեսնել հիմնախնդրի էությունը, որը հետեւյալն է. Հայաստանում ոչ մեկին գործնականում չի ուրախացնում Մեծամորի ԱԷԿ-ի գոյության փաստը եւ առաջիկա տարիներին նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությունը, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Հայաստանն ատոմային էներգետիկային այլընտրանք չունի:

Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարությունն ազնվորեն խոստովանել է, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնալու մտադրության մասին Վաշինգտոնին խաբել է: Հիլարի Քլինթոնի «փառահեղ» նախաձեռնությունների արդյունքում Թուրքիայի միակողմանի փակած սահմանի բացման հեռանկարը դարձավ ավելի անհավանական, քան ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից առաջ էր: Վաշինգտոնն ու Բրյուսելը գործնականում ընդունեցին Անկարայի վրա իրական ճնշում գործադրելու անկարողությունը: Շփման գծում իրավիճակի կտրուկ սրման եւ Բաքվի ռազմաշունչ հռետորության ֆոնին խոսել Ադրբեջանի կողմից սահմանների բացման մասին էլ ավելի անլուրջ է:

Արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, գերազանց գիտակցելով Հայաստանի համար այլընտրանքի բացակայությունը, դիտավորյալ ցանկանում են էլ ավելի մեծ կախվածության մեջ գցել Հայաստանին թշնամաբար տրամադրված հարեւաններից: Ենթադրել, թե դա կուժեղացնի Արեւմուտքի դիրքերն առանց այդ էլ ռուսական կողմնորոշում ունեցող Հայաստանում հնարավոր չէ:

Իսկ քանի դեռ միջազգային հանրությունը ոչ մի այլընտրանք չի առաջարկում, մեզ մնում է հղում անել Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի դիրքորոշմանը: Նա բազմիցս վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության բոլոր ժամանակակից նորմերին: Նրա խոսքերին չհավատալու ծանրակշիռ փաստարկ առայժմ չկա:

 
Դիտել են 80 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info