«Ժամանակ»-ի մեկնաբանը նույն թեմայով գրում է. – «Հայաստանի անկախության տոնակատարության շարքում, այսպես ասած, ազգային հպարտության նպատակներով կազմակերպվելիք զորահանդեսը, ըստ էության, վերածվելու է ազգային խայտառակության, քանի որ այդ զորահանդեսին մասնակցելու եւ Հանրապետության հրապարակով անցնելու են ռուսական սահմանապահ զորքերը` իրենց դրոշով: Եվ այստեղ խորհրդանշական ու, մեծ հաշվով, խայտառակ է ոչ միայն ինքնին փաստը, որ մեր բանակի զորահանդեսով անցնելու են ռուս սահմանապահները, այլ նաեւ այն, որ հենց սահմանապահներն են անցնելու: Այլ կերպ ասած` մենք ցուցադրում ենք մեր եղած-չեղածը, թե` տեսեք ու սարսափեք, բայց անցնում են ռուս սահմանապահները` ցույց տալով, որ մեր եղած-չեղածը ոչինչ է, եթե այդ դարպասները ինքներս չենք կարողանում հսկել եւ տալիս ենք Ռուսաստանի պահպանությանը: Դժվար է պատկերացնել որեւէ անկախ ու ինքնիշխան պետության ավելի ցցուն նվաստացում, քան նմանօրինակ իրավիճակը կարող է լինել»: