ԱՆԻԻ ՊԱՐՍՊԻ ԿԵՌԱԽԱՉԸ

1978790_451469834983598_427450768_nԱնիի հարևան գյուղից ուխտավորներիս խմբին ջուր բերած քուրդ տղան, իրեն շատ բան իմացողի տեղ դրած, մեր ուշադրությունը հրավիրեց բարձրադիր պարսպի վրայի սև քարերով դրոշմված նախշին. «Ձեր պաշտած Անիի դարպասին սվաստիկա է փորագրած»: Թարգմանիչ Հարությունը որքան էլ փորձեց մեղմել «պաշտած» բառի թարգմանությունը, այդուհանդերձ քուրդ տղայի կողմից այդ բառի արտաբերման ձևի մեջ թաքնված հեգնանքը նկատվեց:
Վիրավորվես, թե չէ, այս է պատմությանն անտեղյակ այդ տղայի մտածումը: Նրա անելիքը ապակե մեծ տարայով մեզ ջուր բերելն էր ու վարձի սպասելը: Բայց դե այդ տղան շատ էր ուզում իրեն ցույց տալ, որ մեզանից լավ գիտի, թե այստեղ ինչ քաղաքի ինչ ավերակներ են, որտեղ, ի տարբերություն մեզ, ինքն ամեն օր է լինում:
Հիմա դե արի ու այդ տղային բացատրիր հայկական կեռախաչի խորհուրդը, ներկայացրու դրա ակունքները, պատմիր Լեոյի վկայության մասին` «Անիի պարիսպների այդ կլորավուն լայնանիստ աշտարակները դեղին, կարմիր, սպիտակ քարերով կառուցող վարպետները սև քարերից տարբեր զարդեր են դրոշմել, որոնցից է նաև կեռախաչի խորհրդանիշը»:
Այդ քուրդ տղան դեռ ոչինչ, տղա էր, ծառայություն էր մատուցում, գումար վաստակում, ձեռի հետ էլ փորձում էքսկուրսավարի դեր ստանձնել: Ավաղ, ես դա ստիպված էի բացատրել նաև «Իհլաս» լրատվական ծառայության Կարսի մեկնաբան-օպերատոր Պեդիր Ալթնոքին, ով իր տեսախցիկով «բռնելով» այդ նշանը` դանդաղ հետընթացով «իջավ» պարսպի տակ, ուր Ժենյա Ավետիսյանը` բեմական զգեստով, գյումրեցի երաժիշտների նվագակցությամբ, Սայաթ Նովայի երգերն էր կատարում: Նկատեցի, որ Պեդիրն առանձնակի ուշադրությամբ նկարահանեց, լուսանկարեց կեռախաչի խորհրդանիշը: Ինչու՞ ինձ հանկարծ թվաց, թե նրա հայացքում հարցական կար.
– Ի՞նչ անհանգստություն ունես, կոլեգա:
– Նայում եմ այդ դրոշմին ու չեմ հասկանում դրա խորհուրդը:
– Դու է՞լ ես կարծում, թե դա սվաստիկա է:
– Պարզապես մտածում եմ,- ուղիղ պատասխանից խույս տվեց Պեդիրը,- եթե սվաստիկա է, ի՞նչ կապ ունի երբեմնի հայկական այս քաղաքի հետ:
Պեդիրի մտահոգությունն ինձ հարազատ թվաց, և նրա ասած «երբեմնի» բառը չխոցեց ինձ: Նա, իհարկե, իր իմացությամբ ու վերաբերմունքով ջուր բերող այն քուրդ տղայից մի տաս գլուխ բարձր էր, բայց նա իր երկրի լրագրողն էր, և նրա ռեպորտաժներում արծարծված նման ամեն մի շփոթություն հանկարծ կարող էր հայկական արմատների մասին կասկածավոր գաղափարակիրներին մի նոր թեմա տալ: Եվ հարկ էր, որ մեր խմբին կամովին ուղեկից դարձած ու մեր ամեն հանդիպումը նկարահանող Պեդիրի հետ մի քիչ երկարեր մեր զրույցը:
– Դրանք հազար տարվա պատմություն ունեն, Պեդիր, բայց այսօր քո աչքի առաջ ընդամենը մի քանի հարյուր մետրն է երկուսուկես կիլոմետր երկարություն ունեցող պարիսպներից: Միայն Անիի պարիսպների վրա չէ, որ կեռախաչի պատկերներ կան. հայ իրականության մեջ դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև նաև բրոնզե դարում, կեռախաչը պատկերվել է ոչ միայն կառույցների, այլև կավամանների, բրոնզե գոտիների, դաշույնների և այլ իրերի վրա: Այս պարիսպների վրա պատկերված կեռախաչն իր խաչաձևման մասում շրջանակ ունի, որը (կեռախաչն ընդհանրապես) խորհրդանշում է արև, կրակ, հավերժություն, պտղաբերություն, ծննդաբերություն: Թողնելով անընդհատ շարժման տպավորությունը` կեռախաչը նաև խորհրդանշել է արևի շարժումը:
– Ասել է` նացիստներին ծանո՞թ էր կեռախաչը, որ խորհրդանիշ վերցրին սվաստիկան` հենց քո ասած կեռախաչի նախատիպը:
– Կարծում եմ` գիտեին և վերցրել են որպես հավերժության խորհրդանշանի նախատիպ: Սվաստիկա բառը սանսկրիտերեն նշանակում է լավ լինել` արտահայտելով նաև երջանկություն, բարեբախտություն: Անշուշտ, այլ զրույցի թեմա է, թե հայերն ինչ խորհուրդ են դրել դրա մեջ, նացիստները` ինչ:
Իր նոթատետրում գրառումներ անող Պեդիրը հարցրեց.
– Կեռախաչը մերոնք չեն հանել (մինչ այդ ես նրան պատմել էի Էրզրումի հայկական եկեղեցու մասին, որի առաջամաս պատը, միջից հայատառ փորագրություններ ունեցող քարերը հանելու նպատակով, վերաշարված է, գմբեթին` կիսալուսին, կողքին էլ մինարեթ), որովհետև մտածել են, թե դա հայկական նախշազարդերի հետ կապ չունի՞,- հարցրեց Պեդիրը, ասես ուրախ էր, որ չի հանվել և ուրախ էր նաև, որ հիմա իմացավ, թե դա ինչ նախշազարդ է և հանկարծ, մի տեսակ զգուշավորությամբ, որ դրանում խայթոց չնկատվի, հարցրեց.
– Իսկ ձեր խմբից բոլո՞րը գիտեն այդ մասին,- հարցրեց նա:
– Անի ուխտագնացության եկող ամեն հայ, կարծում եմ, ծանոթ է կամ անպայման նախապես ծանոթանում է այս քաղաքի պատմությանը:
– Դա քո համոզմու՞նքն է, թե՞ ուզում ես, որ այդպես լինի:
Ես այդ հարցի պատասխանը չունեի: Ես մտերմորեն թևանցուկ արեցի Պեդիրին, ու մենք քայլեցինք դեպ Մայր եկեղեցի. ինձ հաճելի էր, որ նա հետաքրքրություն է ցուցաբերում մեր ժողովրդի պատմության հանդեպ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ ԷՋԻՑ

 
Դիտել են 364 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info