Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին այսօր Երեւանում բացել են ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած “Ժյուլ Բաստիեն Լըպաժ” արձանը:
Արձանը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ժյուլ Բաստիեն Լըպաժը ֆրանսիացի վաղամեռիկ նկարիչ է, նա եղել է Ռոդենի ընկերը:
Իր ելույթում Նիկոլա Սարկոզին ասել է, որ անկախությունից հետո նոր էջ է բացվել Հայաստանի պատմության մեջ, եւ հայերը կարողացել են հաղթահարել դժվարությունները:
“Հայաստանն իրավունք ունի այսուհետ ապրել խաղաղ պայմաններում: Երիտասարդները պետք է գտնեն խաղաղության նոր ճանապարհները”,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Նիկոլա Սարկոզին նշել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը պատրաստ են կրկնապատկել ուժերը այս խնդրի խաղաղ լուծման համար:
“Խաղաղության այս ուղերձն ես տանելու եմ ինձ հետ Ադրբեջան, Իլհամ Ալիեւին”,- ասել է նա:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը՝ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է “մի ողջ ժողովրդի մահվան դատավճիռը՝ կոչելով այն Ցեղասպանություն”:
“Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ Թուրքիային, որ նա պետք է նայի իր պատմության դեմքին”,- եզրափակել է Նիկոլա Սարկոզին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Օգյուստ Ռոդենի քանդակը խորհրդանշելու է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: “Հայերը սիրում են Ֆրանսիան, սիրում են այդ երկրի մշակույթը, մեզ կապում է նաեւ կես միլիոնի հասնող հայ համայնքը”,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցերում հետեւողական ջանքերի համար: