Գերությունից վերադարձած Արսեն Խոջայանին պետպատվերով չեն բուժել, իսկ մայրը պարտքով է դեղորայք վերցնում

g_imageՏեղանքում չկողմնորոշվելու պատճառով Ադրբեջանում հայտնված և այս տարվա ապրիլի 10-ին Հայաստան վերադարձված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջայանի մայրը՝ Սվետլանա Խոջայանը պարտքով է դեղորայք վերցնում որդու բուժման համար, իսկ Երևանում նրան բուժել են ոչ թե պետպատվերի շրջանակում, այլ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության հատկացրած 150 000 դրամով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արսենի մայրը՝ Սվետա Խոջայանը. «Սենց ա եղել, Մայա Խաչատրյանը զանգել ա, ես քինացել եմ, դեղորայք եմ պարտքով վերցրել։ Որ ասեմ՝ օգնել են… Ինձ օգնող չի եղել, իսկ հիվանդանոցումը, որ Օրբելու փողոցում ա, տենց պառկած է եղել։ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը 150 000 ա, թե ինչքան, մուծել է: Ու որ ասեմ՝ օգնող է եղել, սուտ կասեմ»։

Հիշեցնենք, որ Միջազգային Կարմիր խաչի ջանքերով Հայաստանը Արսենի ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ պահանջներ էր ներկայացնում, մասնավորապես, որ Բաքվի Կարմիր խաչի գրասենյակը շուտափույթ այցելի Արսենին և տեղեկություններ հայտնի նրա մասին: Իսկ նրա վերադարձվելուց հետո բազմաթիվ անհանգստություններ էին հնչում, որ նա վերադարձվել է խոշտանգված վիճակում:

Ստացվում է, որ Արսեն Խոջոյանի մասին հայաստանյան պետական կառույցները, և ոչ միայն, անհանգստանում էին, քանի դեռ նա գտնվում էր ադրբեջանական գերության մեջ:

Tert.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, ի պատասխան հարցի, թե աբսո՞ւրդ չէ, որ ՀԿ-ն է հոգում գերու տարրական ծախսերը, էլ չասած ավելի խորը, համակողմանի հետազոտությունների մասին, ասաց. «Աբսուրդ չէ, որ մեր կազմակերպությունն այդ գործը անում է, այսինքն՝ աբսուրդ չէ, որ մենք անում ենք, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու չի անում պետությունը, ես պետք է հստակեցնեմ, որ Դուք կարող եք զանգել երկու տեղ»:

Լարիսա Ալավերդյանի մատնանշած «երկու տեղերից» մեկը Պաշտպանության նախարարության Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խումբն է, իսկ երկրորդը՝ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունը:

Խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, լսելով հարցադրումը, ի պատասխան առաջարկեց այդ փաստը արտառոց երևույթ չհամարել, ասելով. «Մեր հանձնաժողովը մեկ ընդհանուր մարմին է, ոչ միայն պետական կառավարական մարմիններն են հանձնաժողովում ներկայացված, այլև մի քանի հասարակական կազմակերպություններ: Եվ, ի վերջո, այդ հանձնաժողովում ընդգրկվածները՝ թե՛ հասարակական, և թե՛ պետական մարմինները մեկ ընդհանուր գործ են անում: Հետևաբար, հասկանալի է, որ յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ունի իր ֆինանսավորումը, իր բյուջեն: Եվ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը, ի թիվս այլոց, ունի նաև գործառույթներ՝ ցուցաբերել բժշկական, հոգեբանական, սոցիալական բնույթի օգնություն, աջակցություն ռազմագերիների ու անհետ կորածների ընտանիքներին»:

Նշենք, որ էլ. կայքերից մեկին Արսենի հորաքույրն ասել էր, որ նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է, և հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել:

Մայրը որդու առողջության մասին ասաց, որ նա շուտ թույլ է, ոտքերը չի կարողանում շարժել, քթից էլ ժամանակ առ ժամանակ արյուն է հոսում:

«Ինքը մինչև գերություն ընկնելը տհենց բաներ չի ունեցել»,-ի պատասխան հարցի, թե նախկինում որդին նման խնդիրներ ունեցե՞լ է, հայտնեց Սվետա Խոջայանը: Գերեվարված տղայի մայրը ասաց նաև, որ գերությունից վերադարձվելուց հետո տղայի մոտ նկատում է ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ:

«Դե տարօրինակությունն այն է, որ վախի զգացում ունի, անընդհատ ասում ա՝«աչքիս ուրիշ մարդ ա երևում»»,-պատմեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ նույնպես գերեվարված և հետագայում մահացած Մամիկոն Խոջայանին ասել է՝ «ապի, հաջորդն իմ հերթն ա», մայրն ասաց. «Դե ուղղակի, որ մահացել է, իրանց դռանը նստած տհենց ասեց, էլի»:

Ըստ երևույթին Արսենը ոչ միայն ֆիզիկական առողջության վերականգնման, այլև հոգեկան ու հոգեբանական հետռեաբիլիտացիոն օգնության ու բուժման կարիք ունի:

Ի պատասխան հարցի, թե Արսենին հոգեբանական օգնություն ցուցաբերվո՞ւմ է, տիկին Սվետան նկատեց. «Ինչ եկել ենք, առանձնապես եկող չի էլել»:

Իսկ հոգեբանական օգնության տրամադրման առումով Երևանում «առանձնապես բուժե՞լ են» հարցին ի պատասխան էլ տիկին Սվետան նկատեց. «Հա, բուժումներն անցկացրել է իրենց այդ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության հոգեբանը, անունը չգիտեմ»:

«Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը, ի պատասխան հարցի, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ ադրբեջանական գերության մեջ ընկած մարդը, ասաց. «Դա միանշանակ տրավմատիկ էֆեկտ է ունենալու, որովհետև գերության մեջ հայտնվելը, հատկապես նման պայմաններում… Բնականաբար, ինքը այնտեղ տարել է տարաբնույթ տրավմաներ՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական: Հիմա դրանից հետո իր մոտ զարգանում է հետտրավմատիկ սթրես, ու լիքը ուրիշ բաներ էլ կարող են լինել, որոնց մասին մենք առանց այդ մարդուն զննելու չենք կարող ասել»:

Տավուշի մարզպետարանից Առողջապահության վարչության պետ Կարինե Դովթլաբեկյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախապես տեղյակ է եղել, որ Խոջայանը Վերին Կարմիրաղբյուրում չէ, իսկ այսօր զանգահարել է նրա մորը, ով հայտնել է, որ նա գնացել է Սևան՝ անասուն պահելու: Մարզպետարանի աշխատակիցը խնդրել է, որ ինչքան էլ ուշ գա, իր հետ կապ պաշտպանեն ու առաջարկել, որ «բերե՛ք՝ Իջևանում բոլոր հետազոտությունները անցնի»: Նա նշեց, որ մինչ այժմ իրենցից որևէ ահազանգ, գանգատ, բողոք չեն ունեցել:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

 
Դիտել են 141 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info