«Ուկրաինական հակամարտության գոտում բոլոր գերիների փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ոչ ուշ, քան ծանր ռազմատեխնիկան հեռացնելուց 5 օր հետո»: BBC-ի տեղեկացմամբ, այս մասին նշված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերով կոնտակտային խմբի փաստաթղթում:
Հիշեցնենք, որ կոնտակտային խումբը ստորագրել է Մինսկի համաձայնագրի իրականացման միջոցառումների փաթեթը: Փաստաթղթի համաձայն, ստեղծվելու են աշխատանքային խմբեր համաձայնագրի առանձին կետերը կյանքի կոչելու համար:
Բացի դրանից, Մինսկի փաստաթուղթը նախատեսում է ընտրությունների անցկացում ինքնահռչակ «ԴԺՀ»-ում եւ «ԼԺՀ»-ում ԵԱՀԿ-ի եւ ԺՀՄԻԳ-ի չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերով կոնտակտային խմբի կազմում էին Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ադելհեյդ Տալյավինին, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն եւ Իգոր Պլոտնիցկին: