Երեկ՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 32-ամյա Աշոտ Միքայելյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 61 ԼՕ 123 համարանիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին՝ «Շոֆերների աղբյուր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյանը և մոտ 450 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Միքայելյանն ու ուղևոր՝ 7-ամյա Արման Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց, որտեղից էլ նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Աշոտը Արմանի հայրն է: Երեխան սովորում է Այգեպատի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում, իսկ երեկ Աշոտի ծննդյան օրն է եղել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գյուղացիներն իրենց ուժերով և «Газ 66»-ով մեծ դժվարությամբ ջարդոնի վերածված ավտոմեքենան դուրս բերեցին ձորից: