Արցախի բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 23-րդ եւ Հայրենական Մեծ պատերազմի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր` մայիսի 8-ին, Երեւանի Արցախի փողոցից մեկնարկեց երկօրյա Երեւան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո` 40 եւ ավելի տարվա հնություն ունեցող ավտոմեքենաների շքերթը: Ավտոշքերթի կազմակերպիչներից Ռիմա Առաքելյանը նշեց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ մասնակցելու են ռետրո 60 մեքենաներ, սակայն, քանի որ այդ ավտոմեքենաներից շատերը չէին կարող անցնել այդքան երկար ճանապարհ, Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան թույլատրեց միայն 21 ավտոմեքենայի մասնակցել:
«Երեւանից գնալու ենք Գորիս, կանգ ենք առնելու այնտեղ, այնուհետեւ մայիսի 9-ին գնալու ենք Շուշի, որտեղ ծաղկեպսակ ենք դնելու ազատամարտիկների հուշարձանին, որից հետո Ստեփանակերտ ենք գնալու եւ ծաղկեպսակներ դնելու Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,-ասաց Ռիման:
Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, Գագիկ Աղաջանյանն էլ նշեց, որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի է ունենալու ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն. «Մասնակիցները մոտավորապես 60 հոգի են, յուրաքանչյուր մեքենա ունի երկու վարորդ: Սա եւս մեկ տարբերակ է մեր հաղթանակը, հաջողությունները կարեւորելու, ընդգծելու եւ այսօրվա յուրօրինակ ավտոշքերթի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի դա անելու»: