Մայիսի 12-ին Գերմանիայի Ռայնլանդ Փֆալց դաշնային հողի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը դատապարտող համատեղ բանաձեւ է ներկայացրել։
Մայրաքաղաք Մայնցում խորհրդարանի բոլոր խմբակցությունները Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարվածը բնութագրելու համար օգտագործել են ցեղասպանություն եզրը։ Բանաձեւում մասնավորապես ասվում է.
«Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Բունդեսթագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթում հուզիչ բառերով հստակ նշեցին այս տարելիցի նշանակությունը։ Մենք բոլորս պետք է կրենք այս Ցեղասպանության պատմական պատասխանատվությունը, հատկապես գերմանական ռեյխի ունեցած դերի ենթատեքստում։ Այդ պատճառով մենք ներկայացնում ենք այս համատեղ բանաձեւը։ Խոսքը ոչ միայն զոհերին հիշելու, այլ առաջ նայելու անհրաժեշտության մասին է։ Մեր համատեղ նպատակն է հասնել հաշտության, փոխըմբռնման եւ ճանաչման։ Այդ պատճառով մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Բանաձեւը կոչ է անում հիշել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Խորհրդարանի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրության արարքը, որը հանգեցրեց 1.5 մլն հայերի բնաջնջման։ Խմբակցությունները ցավում են դրանում Գերմանական ռեյխի ունեցած անփառունակ դերակատարման համար, որը, չնայած սպանությունների եւ տեղահանությունների մասին ունեցած հստակ տեղեկություններին, չփորձեց վերջ դնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությանը։ Խորհրդարանական ուժերը հավատարիմ են մնում հայ-թուրքական հաշտեցման իրենց որոշմանը։ Հենց այդ պատճառով մենք կոչ ենք անում Ռայնլանդ Փֆալցի դաշնային կառավարությանը խրախուսել 1915/1916թթ. դեպքերի առերեսման ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները եւ հետեւողական լինել Գերմանիայի պատասխանատվության բաժինը ընդունելու հարցում»,- մեջբերում է բանաձեւի տեքստը RheinZeitung-ը։