Այսօրվա մամուլը լայնորեն անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ նախօրեին տեղի ունեցած միջադեպին։
«Հրապարակ»-ը այդ առնչությամբ գրում է. – «Մինչ ԲՀԿ-ն ամբողջ ներուժն օգտագործում է, թվում է, մի փոքրիկ Իջեւան քաղաքում հաղթանակի հասնելու համար, ՀՀԿ կարկառուն անդամներից մեկը հարձակվում է գործարար կնոջ վրա, որը համարձակվել է իր հասցեին մի երկու թթու խոսք ասել, ու աքացիներով փորձում հաշվեհարդար տեսնել։ Մեր իշխանավորների դժբախտությունն այն է, որ սրանք ոչ բարձրորակ ու անփոխարինելի մասնագետներ են, ոչ գրագետ ու կրթված գործիչներ, ոչ իրենց գործի նվիրյալներ, ոչ հայրենիքի նկատմամբ սիրով տոգորված անձինք, ոչ երկրի նորմալ քաղաքացիներ, ոչ էլ անգամ տղամարդկային որակներով փայլող անհատներ։ Միայն թույլ ու նվաստ մեկը ձեռք կբարձրացնի կնոջ վրա։ Միայն խեղճ ու ողորմելի իշխանությունը նման մեկին կհանդուրժի իր մեջ։ Սրա նմանների վրա հույսը դրած իշխանությունը կանխավ պարտված է, քանզի ոչ մի ծառայություն, ձայների ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել այն վնասը, որ սրա նմանները տալիս են նույն այդ ՀՀԿ-ին ու նրան հանդուրժող նախագահին»։ «Եվ եթե հայտնի գործարարն կինն է այդքան անպաշտպան, որ օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում, բարձր համարում ունեցող հյուրանոցային համալիրում կարող է ծեծի ենթարկվել, ինչքան անպաշտպան ու անօգնական են մեր երկրի մյուս քաղաքացիները, որոնք ամեն օր բախվում են գռեհիկ ու տգետ, վայրենի ու անպատիժ պաշտոնյաների, ոստիկանների, թաղապետների, մյուսների հետ», – ընդգծում է թերթը։