Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ քաղաքապետարանը “Հրազդան” մարզադաշտի տարհանման գոտում առեւտրի կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշում չի տրամադրել:
Տարոն Մարգարյանն այսօր նշել է, որ “դա քաղաքաշինական ծրագիր է, որը պետք է քննարկվի քաղաքաշինական խորհրդում”:
“Այս հարցի շուրջ պետք է հանրային լսումներ հրավիրվեն, որից հետո միայն խորհուրդը կուսումնասիրի խնդրի դրական ու բացասական կողմերը, ու նոր կմտածենք որոշման մասին”,- ասել է քաղաքապետը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ «Հրազդան» մարզադաշտի նախագծի հեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասել էր, որ “Հրազդան” մարզադաշտի տարհանման գոտում առեւտրի կենտրոնի կառուցումը անթույլատրելի է` մարդկանց անվտանգության ապահովման տեսակետից:
Տարոն Մարգարյանը նաեւ ասել է, որ մայրաքաղաքում ապամոնտաժվելու են միայն լքված ու ապօրինի կրպակները: Նա նկատել է, որ այդ գործընթացն արդեն ավարտական փուլում է:
“Մենք գործող կրպակներին չենք անդրադառնալու, բացառությամբ Աբովյան փողոցի: Այնտեղի կրպակների սեփականատերերի հետ բանակցությունների միջոցով փորձելու ենք մայթերը տրամադրել քաղաքացիներին”,- ասել է քաղաքապետը: