Հայաստանցիների գրեթե 80 տոկոսը` ժողովրդավարության կողմնակիցներ

Ժողովրդավարության կողմնակիցների թիվը Հայաստանում 2006 թվականից ի վեր աճել է 28 տոկոսով`գերազանցելով Եվրամիության անդամ պետությունների մեծ մասում արձանագրված նույնատիպ ցուցանիշը:

«Ժողովրդավարական հաստատությունների գոյության օգտին է հանդես գալիս  հայաստանցիների գրեթե 80 տոկոսը», – վկայում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի արդյունքները։

Բանկի հետազոտության նպատակն էր պարզել` արդյոք համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում փոխվե՞լ է եվրոպական պետությունների եւ հետխորհրդային երկրների բնակիչների վերաբերմունքը շուկայական տնտեսության ու ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանում ժողովրդավարության կողմնակիցների թիվը գերազանցում է 70 տոկոսը, իսկ Ադրբեջանում  այն շուրջ 60 տոկոս է:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետներն արձանագրում են, որ ժողովրդավարության աջակցության մակարդակով Հայաստանը գրեթե նույնությամբ կրկնում է Արեւմտյան Եվրոպայի պետություններում արձանագրված միջին ցուցանիշը: Որոշ դեպքերում Հայաստանը այս ցուցանիշներով նաեւ գերազանցում է այդ տարածաշրջանի երկրներին: Այսպես, Իտալիայում ի պաշտպանություն ժողովրդավարական ինստիտուտների հանդես է եկել հարցվածների միայն 68 տոկոսը, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում այդ ցուցանիշը տատանվում է 75 տոկոսի շրջակայքում:

Ժողովրդավարական հաստատությունների հանդեպ ամենամեծ հիասթափությունն ապրել են Եվրամիության անդամ արեւելաեվրոպական պետությունների բնակիչները` նախեւառաջ Հունգարիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները նաեւ փորձել են պարզել` արդյոք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ինչ-որ կերպ ազդե՞լ է շուկայական տնտեսության հանդեպ շարքային քաղաքացիների ունեցած մոտեցումներին։ Պարզվում է, որ Հայաստանում մասնավոր սեփականության եւ անհատ ձեռներեցության օգտին է հանդես գալիս հարցվածների մոտ 50 տոկոսը. 2006-ին երկրում այդ ցուցանիշը շուրջ 35 տոկոս էր:

Հետազոտությունից նաեւ պարզ է դառնում, որ շուկայական տնտեսության հանդեպ բացասաբար են սկսել վերաբերվել հատկապես Եվրամիության նոր անդամները: Կենտրոնական Եվրոպայի եւ ոչ մի պետությունում` բացառությամբ Սլովենիայի, ազատ տնտեսության կողմնակիցների թիվը չի անցնում 40 տոկոսի սահմանագիծը։ Եվ սա այն դեպքում, որ նախաճգնաժամային 2006-ին պետությունների այս խմբում շուկայական տնտեսության աջակիցները ճնշող մեծամասնություն էին կազմում:

«Ակնհայտ է, որ ժողովրդավարական հաստատությունների եւ շուկայական տնտեսության հանդեպ հավատի կորուստն առավել բնորոշ է ավելի լավ վիճակում գտնվող պետությունների բնակիչներին: Դրա պատճառը, թերեւս, այն է, որ վերջին ճգնաժամն այդ պետություններին շատ ավելի ծանր հարված հասցրեց, քան 90-ականների սկզբի տնտեսական անկումը», – արձանագրում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնագետները` ամփոփելով. – «ԱՊՀ-ի պետություններում հակառակ պատկերն է: Այստեղ  ճգնաժամի բացասական  հետեւանքները պակաս ցավոտ էին, քան այն անկումը, որ հետեւեց կոմունիստական համակարգի փլուզմանը»:

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info