«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է նոյեմբերի 9-ին արդյունաբերողների եւ գործարարների համագումարում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Թերթի թղթակիցը հարցազրույցներ է անցկացրել մի շարք գործարար պատգամավորների հետ։ Պատրաստվո՞ւմ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։ «Եթե մեր համայնքի ժողովուրդը ուզեց` կդնեմ, եթե չուզեց` չեմ դնի», – ասել է նա` մանրամասնելով. – «Որ եկան, հավաքվեցին, ասեցին` պարոն Ալեքսանյան, դուք պետք է անպայման դնեք, ես պետք է դնեմ»։ Մեծամասնական կարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը պատրաստվում է առաջադրել նաեւ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը։ Նրանք երկուսն էլ պնդել են, որ իրենք գործարարներ չեն։