«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Այս օրերին Ծաղկաձորում ընթանում է Հայաստանի արհմիությունների հիմնախնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված սեմինարը։ Գեղեցիկ, վերամբարձ եւ ոչինչ չասող բազմաթիվ խոսքեր հնչեցին միջոցառման ժամանակ աշխատավորների իրավունքների պաշտպանության մասին։ Մինչդեռ իրականությունը լավատեսություն չի ներշնչում։ Գործազրկության մակարդակը բարձր է, նպաստները՝ ողորմելի, իսկ արհմիությունների գոյության մասին արդեն ոչ ոք չի էլ հիշում։ Ի՞նչ անել այս իրավիճակում։ Ելքը մեկն է. փոխել մարդկանց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ»։ «Մեզ միշտ սովորեցրել են, թե աշխատանքը լավ բան է, քանի որ տալիս է մարդուն անհրաժեշտ բարիքներ եւ, որոշ դեպքերում՝ նույնիսկ բարոյական բավարարվածություն։ Եկել է ժամանակը հրաժարվելու նման մոտեցումից։ Հենց հիմա է հարկավոր բացատրել ՀՀ բնակչությանը, որ աշխատանքն ինքնըստինքյան մարմնացյալ անարդարություն է։ Իսկ մշտական աշխատանք ունենալու ձգտում են միայն կանխահայտ ձախողակներն ու հոգեբանական ծանր բարդույթներով (մասնավորապես՝ թերարժեքության բարդույթով) տառապող քաղաքացիները», – հեգնում է թերթը։