«Ժամանակ»-ը գրում է. – «ԲՀԿ-ն այսօր արդեն սկսել է գրեթե բացահայտ հայտարարել, որ իշխանությունն իրենց կուսակցության անդամներին հետապնդում է։ Կուսակցության անունից կամ նրա առաջնորդի անունից հայտարարություններ դեռ չկան, սակայն կուսակցության տարբեր անդամներ արդեն հայտարարում են, որ ի դեմս ԲՀԿ-ականների կամ ԲՀԿ-ին մերձ անձանց ձերբակալությունների, իրենք սկսում են որոշակի միտում տեսնել կուսակցության դեմ։ Բայց նրանք, ի վերջո, ամեն ինչ թողնում են Դուբայից Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստացվում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ – Կոնգրես հնարավոր գործակցության մասին, իսկ Սերժ Սարգսյանն սկսեց ձերբակալել ԲՀԿ-ականներին։ Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն ոչինչ չի ասել, Կոնգրեսին «այո» չի ասել։ Ընդամենը Տեր-Պետրոսյանը տվել է ԲՀԿ անունը, ու կարծես թե ցուցմունք տված լինի իշխանության համար` ԲՀԿ-ի դեմ, եւ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ին պատժելուն։ Չափից շատ սուր եւ ցավոտ արձագանք չէ՞ արդյոք իշխանական արձագանքը։ Մյուս կողմից` իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանին տեղեկություններ են հասել Կոնգրեսի հետ ԲՀԿ ինչ-որ պլանների առկայության մասին։ Կամ` պարզապես Սերժ Սարգսյանն իր ծրագրերն է իրագործում ԲՀԿ դեմ, եւ դրանք ընդամենը համընկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, բայց դրա հետ կապ չունեն, կամ այդ ելույթն ընդամենը յուղ է լցրել եղած կրակի վրա։ Համենայնդեպս, մի փոքր տարօրինակ սուր ռեակցիա է տալիս Սերժ Սարգսյանը, եթե այդ ռեակցիան ԲՀԿ հանդեպ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «վերլուծության» թեմային»։