Իրավիճակը Խորենացի փողոցում. հնչում է ազգային-ազատագրական երաժշտություն

capture.thumb
tert.am

22.20

22 ժամ շարունակ առանց սննդի մնացած «Սասնա ծռեր» խմբի անդամները, ի նշան բողոքի, գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել:

Այս մասին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, որի ելույթով էլ եզրափակվեց հանրահավաքը:

«Այնտեղ կա վիրավոր, և երեկ, ժամը 24-ից սկսած, բժիշկ չի մոտնում, սա իրականությունն է, որ տիրում է այսօր մեզնից մի քիչ հեռավորության վրա»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Ինչպես փոխանցվեց, մեքենան հրդեհվել է ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանն ավելի վաղ ասել էր, որ չնայած ավտոմեքենա հրդեհելու փաստին, պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

22.10
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, այսօր ելույթ ունենալով Երևանի Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքին, իր խոսքը հղեց ոստիկաններին:

Նա հայտարարեց, որ ոստիկանները պետք է լինեն պետության ու հայ ժողովրդի կողքին. «Սա է իրենց առաքելությունը, ոչ թե մի մարդու պաշտպանելը»։

Դիմելով արցախցիներին՝ «առաջինից մինչև վերջին, կամ վերջինից մինչև առաջին», դերասանուհին հայտարարեց՝ Արցախը Հայաստան է:

Ի դեպ, Թամար Հովհաննիսյանին ներկայացնելուց առաջ հանրահավաքը վարող Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս մտավորականը տարբերվում է այն մտավորականներից, որոնք «կոչ են անում զենքերը վայր դնել և գլուխը դնել սուլթանի ոտքերի տակ»:

Թամար Հովհաննիսյանը, սակայն, նշեց, որ չի խոսում որպես դերասանուհի, մտավորական և կամ Մհեր Մկրտչյանի այրի, խոսում է որպես սովորական հայուհի՝ հայ մայր, հայ կին և հայ տատիկ: Նա, հակադարձելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ բաց ձեռքերի կոչին, առաջարկեց ոչ թե բաց ձեռքեր, այլ՝ բռունցք: Բռունցք, որը և՛ միասնության նշան է, և՛ հաղթանակի, իսկ բաց ձեռքերով երիտասարդները, ըստ նրա, մի քանի ամիս առաջ գնացին թշնամու կրակի դիմաց:

«Եվ իրենց կյանքով ու արյամբ պահեցին այն հողը, որը քսանհինգ տարի առաջ ազատագրել են այն տղաները, որոնք այս բարիկադներից այս կողմ են գտնվում»,-ասաց Թամար Հովհաննիսյանը:

Ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանն էլ խոսեց այն մասին, որ այս օրերին բռնություններ են իրականացվում ոստիկանական բաժանմունքներում, «մարդիկ այնտեղից դուրս են գալիս կտտանքների ու խոշտանգումների ենթարկված»: Նա ոստիկաններին կոչ արեց նման «ապօրինի հրամանները չկատարել ու բռնություն չկիրառել մարդկանց հանդեպ, ովքեր պայքարում են նաև իրենց՝ խոշտանգող ոստիկանների համար»:

«Ես այնպես եմ տեսնում, որ իրադրությունը մեր հերոս տղաների համար, Սասնա ծռերի համար, որ միևնույն է՝ վճռականության մասով և այն առումով, որ անորոշությունը շարունակվում է այս վարչախմբի համար: Ինչպես գիտեք՝ բանակցությունները շարունակվում են, որոշակի տեխնիկական զարգացումներ եղել են, բայց խնդրի բուն առումով, բոլորս գիտենք, որ էական փոփոխություն չկա»,-ասաց նա:

«Մարդկանց մեծամասնությունը, որպես կանոն որքան հնարավոր է հանդուրժում է անարդարությունը, հետապնդումները, բռնապետական կարգերը։ Բայց գալիս է մի պահ, երբ հանդուրժելը դառնում է անհնար և մարդիկ վերցնում են զենք, որպեսզի փոխեն այդ անարդար վիճակը հանուն հաջորդ սերունդներին»,-հավելեց ելույթ ունեցողներից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

21.30

Ոստիկանության Էրեբունի պարեկապահակային գնդի ծառայություն գնդի տարածքին հարող փողոցը՝ Խորենացին մութն ընկնելուն պես մարդաշատ դարձավ:

Հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնցից մի քանիսը ազգային-հայրենասիրական երգեր են կատարում: Հնչում են նաև Արթուր Մեսչյանի ստեղծագործությունները։ Երգի կատարումը ներկաները ողջունեցին «Պավ-լիկ, , Պավ-լիկ» վանկարկումներով:

Հավաքվածերի մեջ է նաև ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, ով առաջարկեց իր լուծումը՝ ասելով. «Հանգուցաուծումը շատ պարզ է. Հայաստանի իշխանավորները, եթե մազաչափ անգամ իրենց մեջ մարդկային հատկանիշներ պահպանել են, եթե երկրի, պետության շահը վեր են դասում իրենց մասնավոր շահերից, պետք է հրաժարական տան։ Պետք է ժողովուրդը հավաքվի, գոնե հիսուն հազար մարդ, ժողովրդի կողմից պետք է ձևավորվի անցողիկ, ժամանակավոր կառավարություն, կորոշենք՝ էդ կառավարությունն ինչքան ժամանակով կղեկավարի, մինչև որ նոր ընտրություններ լինեն, և ազգընտիր իշխանություն ձևավորվի, ում ընտրի ժողովուրդը, նրանց պետք է հարգենք,սիրենք: Իսկ զինված խմբի կարգավիճակը… Երբ որ հրաժարական տա էս չարիքի իշխանությունը, խմբի անդամները պետք է հանձնվեն անցողիկ կառավարությանը, որովհետև հեղափոխությա՞ն ասեմ, թե հարձակման ժամանակ մարդ է զոհվել, պետք է քննություն կատարվի»:

Հայազն կուսակցության ներկայացուցիչ, հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քիչ հետո հարթակում կլինի սեղան, որին մարդիկ կկարողանան մոտենալ և ծանոթանալ դրա վրա դրված Հռչակագրին և դրա հետ համաձայն լինելու դեպքում կկարողանան այն ստորագրել: Գործընթացը, ըստ Արմեն Հովհաննիսյանի, բաց է բոլորի համար բացի մարդկանցից, որոնք, ըստ ելույթ ունեցողի, այս օրերին համարձակվեցին «իրենց շուրթերը պղծել» խմբի անդամներին ահակեբիչ և այլ որակումներ տալով:

Հիշեցնենք, որ այսօր Խորենացի փողոցում է Երևանի փոխոստիկանապետ, երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ազատ արձակված Վալերի Օսիպյանը, ով արդեն ոստիկանական ծառայություն է իրականացնում:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ որպես բանակցող միջնորդ՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Հիշեցնենք նաև, որ 8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո:

 
Դիտել են 699 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info