Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող 2011թ. միջոցառումների ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկա էին ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի hամահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները` վարչության պետ Ատոմ Մխիթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներ, այդ թվում` սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամներ:
Ամփոփելով կատարված աշխատանքները` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշեց, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով և նվիրված էր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին: Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում կատարվել է թեմային նվիրված հայ և օտար հեղինակների, պատմաբանների, իրավագետների, միջազգայնագետների ուսումնասիրությունների հավաքագրում, անցկացվել է գիտաժողով, դասախոսություններ, բաց դասեր հանրակրթական դպրոցներում և ստեղծվել է /http://wilsonarmenia.wordpress.com/ բլոգը:
ԵՊԼՀ շրջանավարտ Անի Աբրահամյանը մանրամասներ ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև /http://wilsonarmenia.wordpress.com/ բլոգի բովանդակության վերաբերյալ:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներին ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:
Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը` նշելով, որ ծրագիրը օգնեց նոր գիտելիքներ ձեռք բերել և ծանոթանալ Վուդրո Վիլսոնի գործունեությանը: