Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ նախարար Հ.Հակոբյանն այցելեց Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաև հոգևորականների ու վարժարանի սաների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաև Տրիեստի գործարարների և Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին: