Ամերիկյան հռչակավոր երգչուհի ու դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է, հաղորդում է Associated Press-ը:
Այս պահին դեռևս ոչինչ հայտնի չէ նրա մահվան հանգամանքների մասին: Հայտնի է, որ Հյուսթոնը մի քանի անգամ հայտնվել է Լոս Անջելեսում, իսկ շաբաթ օրը պետք է այցելեր Sony Music-ի ղեկավար Քլայվ Դեվիսի կազմակերպած երեկույթին, որը ավանդաբար կազմակերպվում է «Գրեմմի» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Շաբաթ օրը The Hollywood Reporter-ը հայտնել էր, որ Հյուսթոնը հնարավոր է՝ մասնակցի ամերիկյան X Factor հեռուստաշոուին:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հյուսթոնը տառապում էր թմրամոլությամբ և ալկոհոլային կախվածությամբ:
Իր ողջ կարիերայի ընթացքում երգչուհին ստացել է երկու «Էմմի» և վեց «Գրեմմի» մրցանակ: Նրա ամենահայտնի երգն է «Թիկնապահը» ֆիլմում հնչող I Will Always Love You երգը:
2009-ին լույս տեսած նրա «I look To You» սկավառակը առաջին հորիզանականն էր զբաղեցնում հեղինակավոր «Billboard 200» մրցույթում, ինչպես նաև մի շարք երկրների հիթ–շքերթներում։ Նմանօրինակ հաջողություն երգչուհին ունեցել էր միայն 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահը» (“The Bodyguard”) կինոնկարի սաունդտրեկը։
Հյուսթոնը մահացել է Բեվերլի Հիլզում, 49 տարեկանում: Վերջին մի քանի օրերի ընթացքում նրան հաճախ են տեսել երաժիշտ Ռեյ Ջիի հետ: Հյուսթոնը ամուսնացած էր ռեփեր Բոբի Բրաունի հետ, ուներ մեկ դուստր: