«Հրապարակ» օրաթերթը գրում է. – «Երեկ Երեւանի քաղաքապետը հապճեպ փոխեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` Գագիկ Գյանջումյանին. նրան փոխարինեցին Արա Սադոյանով: Վերջինս հայտնի է միայն նրանով, որ Կենտրոնից ընտրված ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որն էլ հայտնի է նրանով, որ պատրաստվում է կրկին առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքում: Երբ թաղապետը հարազատ եղբայրդ է, ընտրվելու հավանականությունը մեծանում է, քանզի տվյալ համայնքի բնակչության վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է մեծանում: Երեկ արդեն Կենտրոն համայնքում ժրաջանորեն ընթանում էին ձյան մաքրման աշխատանքները: Հասկանալի է, որ ժամանակը կարճ է, եւ վարչական շրջանի ղեկավարը պետք է հասցնի ներկայանալ համայնքին, որ հետո խնդրելու-համոզելու-ճնշելու տեղ ունենա»: