««Հայոց աշխարհ»-ը նույն` երեկվա հանրահավաքի թեմայով գրում է. – «Երեկ ՀԱԿ առաջնորդը մինչ միտինգային ելույթն սկսելը, դիմելով Թատերական հրապարակում հավաքվածներին, ասաց. – «Զգում եմ, որ արդեն մրսում եք»: Իսկ երբ ունկնդիրները բացասաբար արձագանքեցին, Տեր-Պետրոսյանը հակադարձեց. – «Էդ գլուխ եք գովում, որ չեք մրսում»: Պարզվեց մրսել-չմրսելու ստուգողական աշխատանքը անհրաժեշտ էր, քանի որ Տեր-Պետրոսյանը մտադրվել էր կարդալ իր ելույթի կրճատված տարբերակը, եւ այդպես էլ ասաց. – «Կկրճատեմ իմ ելույթը»: Այդ պահին, բնականաբար, իրենից բացի ոչ մեկին հայտնի չէր ելույթի բովանդակությունը, իսկ երբ սկսեց ընթերցել, պարզ դարձավ, թե ինչու էր ցանկանում ներկայացնել տեքստի կրճատված տարբերակը: Թերեւս Տեր-Պետրոսյանն ինքն էլ էր դժգոհ իր պատրաստած ելույթից, որը, ըստ էության, սպառված ճարտասանի ծանծաղ շարադրանք էր: Ի դեպ, ասենք, որ ելույթի կեսը ընթերցելուց հետո, այնուամենայնիվ, որոշեց «մինչեւ վերջ կարդալ»: